Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/503

Այս էջը հաստատված է

Բոլոր հրեաները ժպտում են։ Հայերը քաղաքավարություն գիտեն։ Նրանք հաճախորդներին ընդունում են թթված դեմքով։

— Կարծես, քացախ են խմել, կամ փորները ցավում է,— շարունակեց Ակվերդովը։ — Քո հորից դու լավ բան չէիր կարող սովորել։ Զուր չէին նրան խոզ անվանում, շատ մարդ էր, ամենքին հայհոյում էր, ոչ ոքի չէր սիրում, ոչ ոք էլ իրեն չէր սիրում։ Ինչո՞ւ Աբրահամը խաբեց նրան և չխղճահարվեց, որովհետև գիտեր, որ ոչ ոք քո հորը չի խղճալ, ընդհակառակը, շատերը կուրախանան էլ։ Խելոք մարդը իր թշնամու հետ էլ պետք է լավ վարվի։ Մի հրեա բարեկամ ինձ ասում էր․ «Եթե ուզում ես թշնամուդ պատժել, առաջ բարեկամացիր նրա հետ երեսանց, ճանաչիր նրա թույլ կողմերը, իմացիր նրա գաղտնիքները, հետո մրցիր, կամ կռվիր նրա հետ»։ Կյանքը կռիվ է, ոչ ոք չի կարող իր թշնամուն հաղթել առանց նրան լավ ճանաչելու։ Այդ հրեան շատ խելոք բաներ է սովորեցրել ինձ էլ, ուրիշներին էլ։ Նա ասում էր․ «Ավելի լավ է աղվես լինել, քան գայլ։ Շոյիր, շողոքորթիր մարդկանց, ատամներդ մի ցույց տար, բայց սուր ու պատրաստ պահիր»։ նա շատ բաներ էր ասում։ Միտս է, մի անգամ նա ասաց, թե Եգիպտոսում մարդիկ մի ժամանակ օձին աստված են համարել ու պաշտել։ Ինչո՞ւ։ Հիմար անասուննե՞ր էին։ Ոչ, երևի մի բան գիտեին։

Վարդան Ահրումյանը լուռ և ուշադիր լսում էր մորեղբորը և նրա յուրաքանչյուր բառը որպես իմաստություն իմաստությանց դրոշմում էր իր մտքի մեջ։ Նա իր խնամակալին համարում էր բոլոր ուսմունքների և բոլոր տեսակի հմտությունների շտեմարան և հավատում էր նրան անվերապահորեն։

Միևնույն ժամանակ, նրա պատանի միտքը գործում էր և՛ ինքնուրույնաբար ու շատ ավելի, քան կարող էր երևակայել նրա խնամակալը։ Նախ և առաջ նա սկսեց մտածել իր ներկա վիճակի մասին։ Ի՞նչ է նա այժմ, ի՞նչ դիրք ունի իր մոր եղբոր մոտ։ Հասարակ գործակատարի՞։ Այո, բայց մի՞թե դա նվաստացուցիչ ու վիրավորական չէ մի մարդու համար, որի հայրը շատ ու շատ ավելի առաջ է եղել ինքնագլուխ