Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/504

Այս էջը հաստատված է

վաճառական, քան Սերգեյ Մարկիչ Ակվերդովը, այդ նախկին աննշան օղեվաճառը։ Չէ՞ որ նա էլ ունի իր բաժինը առևտրի մեջ հորից ժառանգած և մորեղբորը հանձնված գումարով։ Ինչո՞ւ նրա անունն ու ազգանունն էլ չպտի փայլի մաղազինի ճակատին ոսկեզօծ տառերով այն երկայն ու լայն ցուցանակի վրա։ Նա կամեցավ այդ մասին ակնարկել մորեղբորը, բայց առայժմ վաղաժամ և անհարմար համարեց և որոշեց խնդիրը հետաձգել ապագային։

— Օրը մինչև երեկո ապրանք փաթաթելով և խանութի մյուս գործերը կատարելով, Վարդանը միաժամանակ չէր դադարում դիտել, ուսումնասիրել իր միջավայրը և միջավայրից դուրս։ Շուտով նա նկատեց, որ իր մորեղբոր դիրքը վաճառական աշխարհում շատ էլ փայլուններից չէ, չնայելով նրա հոխորտանքներին ու ինքնագոհությանը։ Նա նկատեց, որ այդ դիրքը վար է նույնիսկ աջ ու ձախի մի քանի թուրք խանութպանների դիրքից, որոնց առևտրի առարկաներն էին շաքար, բրինձ ու չոր մրգեղեն։ Այդ մարդիկ ապրանքը Պարսկաստանից և Ռուսաստանից ստանում էին հարյուրավոր ու հազարավոր պարկերով ու արկղներով, մինչդեռ իրանք․․․ ոչ, շատ փոքր, շատ աննշան է Սերգեյ Մարկիչ Ակվերդովի առևտրի ծավալը։ Նա ամեն օր տեսնում էր դատարկվող ու լեցվող նավերը և երևակայում էր, թե մի օր ինքն էլ կարող է նավատեր լինել, եթե բախտը բերի։ Եվ մտածում էր՝ ինչո՞ւ բախտը չպետք է բերի, եթե մարդ կարողանա նրան ճանկել իր «խելքով ու եռանդով»։ Առաջին գործակատար Ջումշուդ Բարսեղյանը հաճախ պատմում էր նրան, թե այսինչ նավատերը առաջ եղել է սայլապան, այնինչը՝ հասարակ նավաստի կամ խոհարար։ Պատմում էր նրան, թե ոմանք այդ նավաստիներից զբաղված են մաքսանենգությամբ և գաղտնի ապրանք են բերում Պարսկաստանից, կաշառելով մաքսատան պաշտոնյաներին։ Եվ, լսելով այդ պատմությունները, Վարդանն օր օրի վրա ավելի ու ավելի էր հափշտակվում արագ և դյուրին հարստանալու ցանկությամբ։

— Բայց այդ բոլորը ոչինչ,— ասաց Ջումշուդը իր մի քանի պատմվածքներից հետո,— նավթն է գլխավորը, ահա ինչով կարող ես շուտ հարստանալ։