Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/505

Այս էջը հաստատված է

Մինչ այդ Վարդանը լսել էր նավթի մասին, գիտեր, որ կան հանքեր ու գործարաններ, բայց չէր տեսել և չգիտեր, թե ինչ բան են դրանք։ Եվ ահա մի կիրակի օր Ջումշուդը առաջարկեց նրան նախ գնալ տեսնելու գործարանները, ապա մի ուրիշ կիրակի օր էլ հանքերը։ Վարդանն ուրախությամբ համաձայնվեց։

Այն ժամանակները հանքեր կամ գործարաններ գնալը կապված էր դժվարությունների ու անախորժությունների հետ։ Ոչ երկաթուղի կար դեպի հանքերը և ոչ ձիաքարշ կամ տրամվայ դեպի գործարանները։ Երթևեկությունը կամ կառքով էր կամ սայլով։ Կառքը թանկ էր, սայլը անհարմար ու ծիծաղելի։ Երկու հսկայական անիվների մեջ տեղավորված մի արկղ— այս էր սայլ կոչվածը։ Նրա վրա նստողը պիտի փոքր վարժված լիներ լարախաղության, որպեսզի թռչկոտեր ու վար չընկներ։

Վարդանը բարվոք համարեց ոտքով գնալ, և երկու գործակատարները մի կիրակի առավոտ ուղևորվեցին սև քաղաք— այսպես էր կոչվում գործարանների համախումբը։ Ճամփան քաղաքի ծայրից մինչև այնտեղ մի երկար ծովափնյա դաշտ էր ավազային, լպրծուն, նավթային ճահիճների։ Տեղ-տեղ նա նույնիսկ անանցնելի էր։ Զարմանալի է բնության խաղը։ Քաղաքը բուսականությունից զուրկ, իսկ այդտեղ երևում էին թզենիներ և նռնենիներ, բայց մի վիճակում, որ տեսնողին արգահատություն էին ներշնչում։ Բուները խրված ավազի մեջ, ճյուղերը մուրով ծածկված, այնուամենայնիվ նրանք յուրաքանչյուր գարուն նորեն ծաղկում էին, որպեսզի ամառվա կեսին չհասած թառամեն։

Ջումշուդը տանելով Վարդանին առաջին պատահած գործարանը, ցույց տվեց և բացատրեց, թե ինչպես են սև նավթից ճերմակը պատրաստում։ Նա ինքը շատ բան չգիտեր, բայց գիտցածն էլ բավական էր Վարդանի պրպտող միտքը մի փոքր լուսաբանելու համար։ Նա ասում էր, թե այժմ սև նավթից ճերմակը պատրաստելուց հետո գործարանատերերը մթերքի երկու երրորդականը դեն են թափում որպես անպետք բան և այրում են, թե դա տգիտություն է, թե կգա