Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/507

Այս էջը հաստատված է

սովորությունը նա իր հորից էր ժառանգել։ Բայց Ջումշուդը պակաս խորամանկ և պակաս դիտող չէր քան Վարդանը։ Նա, հինգ տարով ավելի մեծ լինելով, ավելի լավ էր ճանաչում մարդկանց։ Ահա ինչու նա իսկույն գուշակեց Վարդանի միտքը և որոշեց այսուհետև զգաստ լինել։ «Այս տղան, ասաց նա իր մտքում, սուր աչքեր ունի, կարող է ինձ գողության մեջ բռնել»։ Իսկապես իրանց մտայնությամբ նրանք համանման տիպեր էին, բայց արտաքինի մեջ կար ահագին տարբերություն։ Տարիքով պակաս՝ հասակով Վարդանը ավելի բարձր էր։ Նրա դեմքն առողջ էր, այտերը կարմիր, մազերը դեղնագույն, աչքերը խոշոր, կոպերը մի տեսակ ուռած, ատամները ցցված, շրթունքները հաստ ու հյութալի։ Ջումշուդը փոքրահասակ էր, նիհար, խիստ սևահեր, փոքրիկ կանաչ-դեղնագույն աչքերը խորը թաղված։ Վարդանի ձևերը, շարժումները, քայլվածքը խոշոր էին, ձայնը բարձր ու համարձակ և միշտ մի տեսակ հրամայողական։ Տեղը եկած ժամանակ նա գիտեր գոռալ, հայհոյել հորը պես, թեև ոչ նրա չափ տեղի ու անտեղի։ Ջումշուդը զգաստ էր, ավելի լռակյաց, քան շատախոս, նրա ձևերը մեղմ էին, քայլվածքը մանր, անլսելի, ձայնը բարակ, մի տեսակ կանացի, բայց հանդարտ: Նա չգիտեր գոռալ, բարկանում էր հազվագյուտ դեպքերում, այն էլ այն ժամանակ, երբ շոշափում էին նրա ծնողների պատիվը։

Այն ժամանակ նավթային հանքերի ծավալը շատ փոքր էր։ Մի քանի տասնյակ հորեր Բալախանիում և մի քանի հատ էլ Սաբունչիում, ահա բոլորը։ Այն պահին, երբ Վարդանն ու Ջումշուդը եկան, Բալախանիում մի շատրվան էր խփում քառասուն մետր խորությունից։ Նրա տերերը, մի քանի հաստափոր և հաստապարանոց հայեր, հավաքված մտածում էին ինչպես անեն, շատրվանը փակեն, որ դադարի։ Բանն այն է, որ նավթը, կատաղի զորությամբ երկրի խորքից դուրս հոսելով, ապականում ու փչացնում էր երկրի երեսը, որ պատկանում էր գյուղացիներին։ Նրանք բողոքում էին, որ իրենց ցորենի ու գարու արտերը և արոտատեղերը հեղեղվում են ու վնասվում։ Նրանք սպառնում էին դիմել խիստ միջոցների — վնասարարների դեմ և սպառնում էին