Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/513

Այս էջը հաստատված է

անգամ ապրանք վերցնելով ոչ Մառոզովից, այլ մի ուրիշ ֆաբրիկանտից։ Որպես վարկաբեկված առևտրական՝ բնական է, որ օրենքով չուներ իրավունք վաճառականությամբ պարապելու, ուստի խելացի և անվտանգ համարեց մեջտեղ բերել իր կնոջ և զավակների անունը։ Նա շատ լավ գիտեր, որ պատվարժան կողակիցը, այդ գրեթե անգրագետ կինը ունի ոչ վաճառականի ձիրք կամ հոտառություն և ոչ նույնիսկ դրամական հաշիվների մասին որևէ հասկացողություն, բայց գիտեր նաև, որ իր ավագ որդին, 25 տարեկան Արշակը իրենից ոչ պակաս ճարպիկ է և գործը կարող է վարել ամենայն հմտությամբ և հաջողությամբ։ Երկրորդ որդու՝ տակավին անչափահոս Դանիելի վրա նա առանձին հույս չուներ, համարելով նրան շատ փափկասիրտ, թուլամորթ և անհոգ։ Բացի այդ նա նոր ավարտել էր Զիլզիլ քաղաքի երկդասյան դպրոցը։ Գալով երրորդ որդուն, ինը տարեկան Սամվելին, Աբրահամ աղան զիջելով Արշակի թախանձանքին որոշել էր նրան տալ նոր բացված ռեալական դպրոցը։

«Միջնակարգն ավարտելուց հետո,— ասել էր Արշակը,— մենք նրան կուղարկենք Մոսկվա կամ Գերմանիա բարձր ուսում ստանալու։ Թող մեր երեքից գոնե մեկը լուսավորվի»։

Աբրահամ աղան ոչ շատ ծեր էր և ոչ էլ այնքան հոգնած, որպեսզի կարենար ձեռները ծալած անգործ նստել։ Նրա համար անգործությունը մի տեսակ հիվանդություն էր, որից ազատվելու համար օրը մի քանի անգամ մտնում էր կնոջ ու որդիների խանութը։ Գալիս էր նա այնտեղ «տերողորմյան» ձեռքումը, հանդարտ քայլերով, նստում էր մի անկյունում, ինչպես մի օտար մարդ, մտքում հաշվում էր գնողների թիվը և նրանց գնած ապրանքների արժեքը և մերթ գոհ ու մերթ դժգոհ դեմքով հեռանում էր, որպեսզի մի ժամից հետո նորից գար։ Այդպես է անում որձ ագռավը, երբ նրա ձագերը կեր ունեն։

Զիլզիլ քաղաքից հեռանալուց հետո Աբրահամ աղայի արտաքինը միանգամայն փոխվել էր։

Այլևս նա իր բեղերը չէր ներկում հինայով, չէր սրում դեպի վեր, որպես ջահելության և համարձակության սիմվոլ