Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/514

Այս էջը հաստատված է

և ոչ էլ երեսն էր սափրում։ Օր օրի վրա աճում էր նրա միրուքը։ Այժմ նա իջել էր մինչև կուրծքը։

Ճիպ-ճերմակ փառահեղ լավաշի չափ լայն միրուքը, որ շատերին էր շփոթեցնում ու պատկառանք ներշնչում։

Այժմ նրա քայլվածքն ավելի ծանրաբարո, ավելի աղայական էր, քան առաջ, երբ նա դեռ չէր կողոպտել իր բարեկամին և չէր սպանել նրան։ Նա պակաս փոփոխություն չէր մտցրել և իր հագուստի մեջ։ Նա թևավոր երկայն չուխան տերևանման թևերով թողել էր։ Արխալուղի վրա հագնում էր լայն սերթուկ, որի կոճակներր կապում էր մինչև կոկորդը, բողոքական քարոզչի պես։ Ավելի ճիշտ նա կնմանվեր հրեա ռաբբի, թե քունքերի մազերն երկարացներ։ Նա դեն էր գցել ասիական սև մորթե գդակը և գլխին դնում էր ռուսական սև «ֆուրաշկա» ճիշտ մոսկովյան հին տիպի վաճառականների պես։

Նա չմուշկների փոխարեն հագնում էր եվրոպական կոշիկներ երկու մատնաչափ հաստ ներբաններով։

Կիրակի օրերը նա ամենայն ճշտապահությամբ եկեղեցի էր գնում, մնում էր այնտեղ մինչև պատարագի վերջը։ «Ողջույնի» ժամանակ նա էր մոտենում պատարագիչ քահանային և նա էր ստանում օրհնությունը։ Եկեղեցուց դուրս գալով նա մուրացկանների ձեռն էր դնում մի պղնձե դրամ և սպասում էր, որ ավագ քահանան կամ հաջորդը եկեղեցուց դուրս գա և խոսե նրա հետ մի քանի րոպե, հետո, եթե տրամադրությունը լավ է, ճաշի հրավիրի նրան։

Նայելով Աբրահամ աղայի հանգիստ, անվրդով, կարելի է ասել բիբլիական կերպարանքին, շատերն էին կարծում, թե չկա և չի կարող լինել ավելի ուղղամիտ, ավելի ազնիվ, ավելի բարեսիրտ մարդ, քան այդ կեղծիքն ու խաբեբայությունը, քան այդ կարծրացյալ սիրտը, ապականյալ հոգին։ Ինքն Աբրահամ աղան զգում էր իր արտաքինի պատկառելիությունը և մարդկանց հետ զրույց անելիս առանց մեծ ջանքի կարողանում էր իր ձայնին, ձևերին, ու շարժումներին տալ համապատասխան ռիթմ։ Եվ ոչ մի տաղանդավոր դերասան չէր կարող բեմի վրա իր դերը կատարել այնպիսի վարպետությամբ, որպես այդ մարդը կյանքի մեջ։