Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/516

Այս էջը հաստատված է

Ո՞վ գիտե ինչ վտանգավոր միջոցների կարող է դիմել այդ տղան իր հանգուցյալ հոր մահվան վրեժը լուծելու համար։ Քի՞չ են պատահել նման դեպքեր, երբ մարդիկ այդ հասակում մի չնչին բանի համար դիմել են նույնիսկ ղենքի օգնության։

Մի երեկո Աբրահամ աղան չկարողացավ թաքցնել իր մռայլ մտորումները։ Պատմելով եղելությունը նա ասաց իր որդիներին։

— Զգուշացեք այդ տղայից, նրա մտքում կա մեր դեմ հորից ժառանգած մի չարություն։

— Իհարկե՛ պիտի լինի չարություն. մի՞թե կարող է մոռանալ իր հոր մահը,— պատասխանեց տիկին Հռիփսիմեն։

— Թող լինի,— ասաց Արշակը,— ես դրանից չեմ վախենում։ Ես ուրիշ բանի մասին եմ մտածում։ Այդ տղան վաճառականության մեջ շատ առաջ է գնալու։ Ուշադրություն դարձրե՞լ ես, հայրիկ, նրա մորեղբոր խանութի վրա։

— Ես դարձրել եմ,— մեջ մտավ լայներես և մեծ քթանի Դանիելը,— այնտեղ մեծ տառերով կարդացել եմ. Гастрономический магазин Сергея Марковича Аквердова и Василия Афанасьевича Айрумова:

— Լսո՞ւմ ես, հայրիկ,— շարունակեց Արշակը,— այդ նշանակում է, որ երեկվա պզտիկ գործակատարն այսօր դարձել է իր տիրոջ հավասար ընկերը։ Ես հավատացած եմ, որ վաղը-մյուս օրը նա Ակվերդովին դուրս է գցելու և տիրանալու է ամբողջ խանութին։ Ես այդ տղայի՝ մեր դեմ ունեցած ոխից չեմ վախենում, այլ նրա խելքից ու ճարպկությունից։

— Ի՞նչ կարող է նա մեզ անել իր խելքով ու ճարպկությամբ,— գոչեց Աբրահամ աղան արհամարհանքով։

— Ամեն բան, ինչ որ իրավունք է տրված անելու զորավորին թույլերի վերաբերմամբ։

— Վաճառականությունը մրցում է, մենք նրա հետ մրցելու կարիք չունենք, նրա առևտուրը ուրիշ է, մերն ուրիշ։

— Վաճառականության մեջ բոլոր տեսակի առևտուրները ներքուստ սերտորեն կապված են իրար հետ: Մեկի