Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/517

Այս էջը հաստատված է

զարգացումը կողմնակի կերպով ազդում է մյուսի անկման վրա։ Դա տնտեսության օրենքն է, որի մասին ես կարդացել եմ նորերս։ Բայց ես ուրիշ բան էի ուզում ասել։

— Չեմ հասկանում,— ասաց Աբրահամ աղան,— պարզ խոսիր այդ տղայի մասին։

— Ես հենց նրա մասին եմ խոսում, հայրիկ։ Լսիր, Վարդան Ահրումյանր, որ այժմ Վասիլի Աֆանասևիչ Այրումով է, այն մարդկանցից է, որոնք վաղը-մյուս օրը մեր երկրի տերերն են լինելու։

— Այդ ինչպե՞ս, տապակած հնդկահավ կամ խոզի ապուխտ վաճառելո՞վ,— գոչեց Աբրահամ աղան հեգնաբար։

— Ո՛չ, հայրիկ, ոչ խոզի մսով և ոչ էլ մանավանդ մանուֆակտուրայով, այլ նավթով, նավթով։ Ես մի քանի անգամ ասել եմ, էլի եմ ասում. ապագան այն մարդունն է, որ վաճառականությունը կթողնի և կսկսի այժմյանից պարապել նավթային արդյունաբերությամբ։ Վարդան Ահրումյանը չնայելով իր տարիքին, այդ բանը հասկացել է։

— Ինչպե՞ս,— հետաքրքրվեց Աբրահամ աղան։

— Այս օրերս նա Ռամանիի նավթահողերից ձեռք է բերել երկու դեսիատին։ Դա քիչ բան չէ հասկացողի համար։

— Ո՞վ ասաց քեզ։

— Մի թուրք բեգ, որի հետ ծանոթացել եմ կլուբում։ Այսօր այդ բեգն եկել էր մեր խանութ հատկապես ինձ առաջարկելու, որ իր հողերից գոնե մի դեսիատին էլ ես գնեմ։ Ինչպես երևաց, մարդը փողի կարիք ուներ և պատրաստ էր հողը տալ ամենաէժան գնով։ Դժբախտաբար ես ստիպված էի նրան մերժել, հայրիկ, համաձայն քո կարգադրության։ Դու պատվիրել ես ինձ բացի մանուֆակտուրայից ոչ մի գործի չխառնվել...

— Շատ լավ ես արել, որ մերժել ես։ Հիմարություն կլիներ արյուն-քրտինքով աշխատած փողերս թափել հորի մեջ, չիմանալով՝ կա թե չկա մի բան այդ անխոս հողի տակ։

— Բայց Ռամանին անխոս չէ, հայրիկ։ Նա արդեն սկսել է խոսել, գոնե նրա մասին խոսվում է։ Այժմ բոլոր երկրագետներն ու ինժեներները միաձայն պնդում են, թե