Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/518

Այս էջը հաստատված է

Ռամանին անվիճելի նավթահող է։ Կարդա ամեն օր տեղական լրագիրը, և դու էլ ինձ պես կհամոզվես։

— Աստված դեռ խելքս չի առել, որ մի լրագրի ցուցմունքով վարեմ իմ գործերը,— շարունակեց հակաճառել Աբրահամ աղան,— բայց ի՞նչ եմ ասում, եթե ինքս իմ աչքով տեսնեմ Ռամանիի մի հորից ֆանտան խփելիս, էլի ես նրա կողքին հոր չեմ փորի։ Ուզում եմ ասել, որ նավթը մեր բանը չէ, ես նրա մեջ խեր չեմ տեսնում։

— Լսիր, հայրիկ, մի վաճառական, որ իր գործից դուրս բան չի տեսնում, միշտ կմնա խանութպան կամ չարչի։ Բաքուն աճում, ընդարձակվում է օր օրի վրա։ Դու տեսնում ես, որ մի ժամանակվա գողերի և մարդասպանների աքսորավայրը այսօր դարձել է նահանգական քաղաք։ Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից այստեղ են բազմում հարյուր տեսակ ձեռնարկողներ, մասնագետներ, ոմանք փողով, ոմանք անփող և բոլորն էլ նավթի համար, բոլորն էլ հարստանալու հույսով։ Զուր չէ, որ Բաքուն այժմ նոր Կալիֆորնիա է համարվում։ Վերջապես, ես կարծում եմ, հայրիկ, Պետերբուրգից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Անգլիայից եկող մարդիկ մի քիչ ավելի բան գիտեն, քան մենք՝ այս խավար արևելքում ապրողներս։ Ինչո՞ւ մի տասնութ տարեկան Վարդան Ահրումյան կամ Վասիլի Աֆանասևիչ Այրումով կարող է այս պարզ ճշմարտությունն ըմբռնել, իսկ մենք ոչ։ Ինչո՞ւ նա պետք է մեզնից ավելի հեռատես լինի։

— Ես ձեռքդ մի ոսկի գործ եմ դրել, շարունակիր, իսկ այդ լակոտն իր ձեռք բերած նավթահողի վրա իր գերեզմանը կփորի, հավատա ինձ։

Այս վիճաբանության ներկա էր և տիկին Հռիփսիմեն, գեր ու կլոր դեմքով 45 տարեկան մի կին, որի հոգեկան պահանջներն ու բարոյական կերակուրը ամփոփված էին ընտանեկան հարկի տակ։ Իր 26-ամյա ամուսնական կյանքում նա ճակատագրից միայն մի բան էր ակնկալել — բուսական կշտություն ու հանգստություն։ Ամեն ինչ, որ կարող էր այս կամ այն կերպ ալեկոծել նրա հոգու ճահճային անդորրությունը, նրան պատճառում էր խորին մտահոգություն։ Այդ տեսակ մտահոգության մեջ էր նա այն օրից, երբ