պատմում էիր Աթանեսի որդու չար աչքերի և նրա հայացքների մասին, երբ դու ասացիր «զգուշացեք այդ տղայի մտքում չարություն կա մեր դեմ», ես սարսափեցի։ Լավ է, եթե նա իր հոր վրեժը քեզնից առնի կամ ինձնից, բայց ո՛վ գիտի ինչ կարող է անել մեր զավակներին։
— Ոչինչ չի կարող անել, մայրիկ,— ասաց Արշակը,— նա մենակ է, իսկ մենք երեք եղբայրներ ենք։
— Մի՛ ասա, որդի, բավական է, որ նա ձեր երեքից մեկի վրա ձեռ բարձրացնի, դա կլինի իմ մահը։
— Մայրիկ,— մեջ մտավ Դանիելը,— ես Վարդան Ահրումյանին շատ լավ եմ ճանաչում։ Նա այնքան երկչոտ է, որ կատվի հարձակումից էլ է վախենում։ Ուսումնարանում մենք միշտ ծաղրում էինք նրան։
— Ես լսել եմ, որ Բաքվում կան սրիկաներ, որոնք մի հարյուր, երկու հարյուր ռուբլով պատրաստ են օրը ցերեկով ուզածդ թշնամուդ գլուխը կտրել։ Ինձ այդ մասին մի քանի դեպքեր պատմել են։
— Ասենք այդ ճիշտ է,— համաձայնվեց Դանիելը,— այդ մարդասպանների տեղն էլ ինձ ցույց են տվել։ Ասում են ոստիկանությունն էլ է վախենում և չի համարձակվում ձերբակալել նրանց։
— Բավական է,— գոչեց Արշակը, իր հոգու խորքում զգալով մի տեսակ երկյուղ,— մայր ու որդի արդեն սկսում եք ծիծաղելի դառնալ։
— Թող այդպես լինի, որդի, բայց վախը սրտիցս չես կարող դուրս բերել։
Եվ այսպես, տիկին Հռիփսիմեի անհանգստությունն առաջանում էր ոչ բարոյական սկզբունքից, այլ ֆիզիկական երկյուղից։ Չլիներ այդ երկյուղը, մնացյալում նա իր պատվարժան ամուսնու համախոհն էր։ Նա երբեք չէր կշտամբում նրան բարոյական տեսակետից։ Աբրահամ աղան այդ բանը շատ լավ գիտեր, ուստի ավելորդ համարեց վիճաբանությունը շարունակել։ Մի համակրական հայացք ձգելով իր քսանուվեցամյա ամուսնական կյանքի հավատարիմ ընկերուհու վրա, նա վեր կացավ և հանդարտ քայլերով անցավ ննջարան իր գիշերային հանգիստ քունը վայելելու ջերմեռանդ