քրիստոնյայի սովորական աղոթքից հետո... Նրան հետևեց տիկին Հոիփսիմեն, իր զավակներին համբուրելուց և օրհնելուց հետո...
Այլ էր Արշակի տրամադրությունը։ Կար մի շատ որոշ տրամագիծ նրա և ծնողների մտայնության և բարոյական ըմբռնումների կամ, ավելի ճիշտ հայր ու որդու հոգեբանությունների մեջ։ Մինչ Աբրահամ աղան գործնականի տեսակետից կեղծ սնանկությունը իր հոգու խորքում համարում էր ճարպկության մի արտահայտություն, Արշակը այդ գործը համարում էր դատապարտելի նույն գործնականի տեսակետից։ Այս առթիվ նա շատ էր վիճաբանել իր հոր ու հորեղբոր հետ։ Նրա մտայնությամբ կեղծ սնանկությունը հնամաշ ու փչացած միջոց է, որ պետք է դեն շպրտվի, ինչպես մի կեղտոտ լաթ ժամանակակից վաճառականի կողմից։ Այլ խոսքով, կեղծ սնանկությունը հիմարություն էր նրա համար, նույնը, ինչ որ մեկի գրպանից մի թաշկինակ դուրս բերելը լուրջ ու համարձակ գողի համար։
Արժե՞ր միթե երեսուն-քառասուն հազար ռուբլու համար ձեռներ կեղտոտել և վարկաբեկվել։ Կարելի էր մի քանի տարի էլ սպասել և հետո վազել տասն անգամ ավելի խոշոր որսի հետևից։ Այն ժամանակ գուցե Արշակը մի կերպ հաշտվեր հոր ու հորեղբոր արածի հետ։ Իսկ ա՞յժմ, ինչ ողորմելի հետևանք, վարկաբեկման գնով վաստակված։ Դա միևնույնն է, ինչ որ դուրս գալ ավազակության մեծ ճանապարհը ինչպես առյուծ և տուն վերադառնալ աղվեսի ավարով։ Դեռ Մառոզովը ոչինչ, նա հեռու է, գուցե ժամանակը կարողանա ջնջել նրա անունը հասարակական կարծիքի դատարանում, բայց Աթանես Ահրումյանի անունը — երբե՛ք։ Նա չի մոռացվի, և մարդիկ միշտ պիտի հիշեն նրա հուսահատական ճիչերը, նրա անեծքները, նրա հայհոյանքները, նրա կատաղի գրգիռը, նրա կաթվածահար լինելն ու մահը, վերջապես, նրա կնոջ ու զավակների հավիտենական անեծքն ու ատելությունը։ Եվ այդ բոլորը — երեք-չորս հազար ռուբլու համար և այդ այն ժամանակ և այնտեղ, երբ և ուր մարդիկ սկսել են խոսել միլիոնների, տասնյակ հարյուրավոր միլիոնների անունով։ Ո՛չ, ինչ ինչ ուզում է թող ասի