Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/524

Այս էջը հաստատված է

— Մի՞թե,— գոչեց Արշակը բարկացկոտ հեգնանքով, այդ ո՞ր ժամանակից։

— Այն օրից, երբ հայրիկը Աթանես Ահրումյանին դուրս վռնդեց մեր տնից, նրա փողերը ուտելով։ Այսօր էլ այդ կողոպտված մարդու անեծքն ականջներումս է։ Դռներից դուրս գալիս նա ասաց. Աբրահամ, դու իմ տունը քանդելով, քոնը շինեցիր, բայց շատ մի գոռոզանար, աստծու կրակը մի օր կթափվի քո զավակների գլխին։ Այն օրից գիշեր չի անցնում, որ ես երազումս չտեսնեմ նրան այդ անեծքն արտասանելիս։ Ես վախենում եմ, Արշակ, մեր հոր ժառանգությունը բավական սննդարար կերակուր է, բայց մեջը թույն կա։

Վերջին բառերն արտասանելով, Դանիելն իր խոշոր աչքերը իր տարիքին ոչ համապատասխան լայն ճակատի տակից հառեց ավագ եղբոր նիհար, նեղ ու երկայնաձև երեսին, որ գիտնա ինչ տպավորություն գործեցին նրա վրա։ Արշակը, իր երկայն մատներով, հետ մղելով նեղ ճակատի վրա թափված նուրբ ու բարակ մազերը, ծիծաղեց, ցույց տալով իր երկայն ու խոշոր ատամները, որոնք նրա ցցուն դեմքին ձիու տեսք էին տալիս։

— Հիմար ես, ահա թե ինչ,— ասաց նա, ուղղելով մեջքը, որ նիհարության և հասակի բարձրության պատճառով մի քիչ կոր էր,— երազը միայն պառավ կանանց կարող է վախեցնել։ Բայց թողնենք այդ հիմարությունները։ Ասա խնդրեմ, ինչո՞վ ես ուզում պարապել, քանի որ վաճառականությունից զզվում ես։

— Չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ այսքանն իմացիր, որ վաղվանից այլևս խանութ չեմ գալու։

— Ահա թե ինչ,— գոչեց Արշակը, ավելի ու ավելի զայրանալով,— ուրեմն դու վճռել ես ձրիակեր դառնալ, այո՞: Ուզում ես շլնքիս նստել, այո՞, ուզում ես, որ ես աշխատեմ, դու լափես, հե՞... Եթե այդպես է, այսօրվանից դու այլևս իմ եղբայրը չես, գնա, կորի ուր ուզում ես։

— Մի կատաղի, առանց այն էլ գնալու եմ։

— Բայց ո՞ւր, ո՞ւր...

— Չգիտեմ, երևի մի օր կգիտենաս,— արտասանեց