Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/529

Այս էջը հաստատված է

1895 թվականի ամառը, Շիրվանզադեն իրագործում է իր վաղուցվա մտադրությունը և մեկնում է Ռուսաստան՝ ծանոթանալու ռուս ժողովրդի կյանքին ու կուլտուրային։ Նա լինում է Հյուսիսային Կովկասի հայաբնակ քաղաքներում, Մոսկվայում, Պետերբուրգում, շփվում է գաղութահայ մտավորականության հետ, ծանոթանում ռուսական թատերական արվեստին և կուլտուրական կյանքին։

Ամառն անցկացնելով Ռուսաստանում, գրողը վերադառնում է թարմացած, հարուստ տպավորություններով և ստեղծագործական նոր ներշնչումներով։ Բայց շուտով՝ դեկտեմբեր ամսին, նրան բանտարկում են, մեղադրելով հակացարական տրամադրությունների մեջ։ Ազատվելով բանտից, Շիրվանզադեն սկսում է իր նշանավոր վեպը՝ «Քաոսը», որն ավարտում է 1897 թվականին։ Սակայն կրկին ցարական ոստիկանությունը վերադառնում է Շիրվանզադեի գործին և, համարելով նրան քաղաքականապես անվստահելի անձնավորություն, աքսորում Օդեսա քաղաքը։ Օդեսայում էլ Շիրվանզադեն, բազմաթիվ այլ գործերի հետ միասին, հղանում է իր նոր վեպը՝ «Վարդան Ահրումյանը»։ Այս երկու նշանավոր երկերը ունեն գաղափարական ընդհանուր կողմեր, նրանցում շատ խորն ու ցայտուն է երևում գրողի ատելությունը սոցիալական անարդար կյանքի նկատմամբ, թշնամանք դեպի բուրժուական շվայտ շրջաններն ու հայ բուրժուազիայի հին ու նոր սերունդները։

«ՔԱՈՍ»

Վեպը գրել է 1896—97 թթ․, բայց, ինչպես հիշում է հեղինակը, նրա ստեղծագործական պատմությունը սկսվել է տասնհինգ տարի առաջ։ Դեռ 80-ական թվականներին Բաքվում գտնվող երիտասարդ գրողը մոտիկից տեսնում է արդյունաբերական բուրժուազիայի աճն ու կազմավորումը, բարքերն ու կենցաղը։ Նրա վրա ցնցող տպավորություն են թողնում այդ