— Ո՞րտեղ գտնենք այդ կտակը:
Ահա հենց բանն էլ այդ է. «ո՞րտեղ»։ Ենթադրենք, որ այդ կոնտր-կտակը շինվում է քո լիակատար համաձայնությամբ։ Իմ ծրագրով և երկու այնպիսի օգնականների մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրը վարպետ է իր արհեստի մեջ և մինչև այժմ դեռ չի բռնվել որևէ հանցանքի մեջ։ Ասա ինձ համաձա՞յն ես, ուզո՞ւմ ես դառնալ լիուլի ժառանգ քո հայրական կարողությանը, թե՞ բարվոք ես համարում մնալ ստրուկ և ծառայել եղբորդ կամքին:
— Շուտ արա, վերջացրու, ի սեր աստծո,— գոչեց Միքայելը, կարծելով, որ իր քեռայրը կատակ է անում։
— Կոնտր-կտակը կկազմվի, իհարկե, հետին թվականով, այսինքն հորդ մահից մի կամ երկու ամիս առաջ։ Նա, իհարկե, կունենա հանգուցյալի իսկական ստորագրությունը։ Այս այնքան էլ դժվար չէ, որքան կարող ես կարծել: Դու միայն կտաս ինձ հանգուցյալի որևէ ձեռագիրը, մանավանդ նրա ստորագրությունը մի որևէ թղթի տակ, մնացյալն արդեն իմ և իմ օգնականների գործն է։ Համաձա՞յն ես։
— Բայց ի՞նչ բովանդակություն կունենա կոնտր-կտակը,— հետաքրքրվեց Միքայելը համոզվելով, որ Մարութխանյանը կատակ չի անում։
— Շատ հետաքրքրական, շատ հոգեբանորեն ճիշտ, շատ պարզ և շատ արդարացի բովանդակություն,— պատասխանեց Մարութխանյանը, ուղղելով իր կարմրագույն փողկապը։ Նախ՝ ժառանգության չափը։ Ես հանգուցյալի թողած անշարժ գույքերը գնահատում եմ, ամենացածր գները վերցրած երեք ու կես միլիոն: Չորս հարյուր հիսուն հազար ռուբլի էլ տոկոսաբեր թղթեր և մի այդքան էլ զուտ դրամ բանկերում։ Կոնտր-կտակի զորությամբ՝ զուտ դրամը, տոկոսաբեր թղթերի հետ, քեզ է տրվում՝ այս տան կահ-կարասիքի հետ միասին։ Իսկ անշարժ գույքերը, այն է՝ նավթային հանքերը, տները և գործարանը, այսիքն՝ նրանց արժողությունը կամ եկամուտը հավասարաբար բաժանվում է երեք տեղ. մի մասը դարձյալ քեզ, մյուսը՝ փոքր եղբորդ, Արշակին, երրորդը՝ քրոջդ՝ այսինքն իմ կնոջը...Գալով մորդ, նա ստանում է ամբողջության յոթերորդ մասը