Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/530

Այս էջը հաստատված է

աշխարհի կյանքի քաոսը, բուրժուազիայի շահատակությունները, անմարդկային կողոպուտը, անբարոյական կենցաղը, փողի համար տեղի ունեցող արյունալի մրցավազքը։ ««Քաոսի» գաղափարն իմ մեջ հղացել էր տասնուհինգ տարի առաջ, այսինքն այն ժամանակ, երբ ես դեռ Բաքվում էի ապրում։ Դա մի գերդաստանի ընտանեկան կյանքի խռովությունն էր, որ ինձ վրա թողել էր խորը տպավորություն։ Երկար տարիներ ես որոճում էի այդ գաղափարը և չէի վստահում գրի անցկացնել, մանավանդ որ սկզբնական շրջանակը քանի գնում, այնքան ընդարձակվում էր իմ մտքի մեջ։ Առհասարակ, ես երևույթների անմիջական տպավորությունների տակ ոչինչ չեմ գրել և չեմ էլ կարողանում գրել։ ...Թարմ տպավորությունների տակ գրելը գուցե ունի և իր լավ կողմերը, այդ կարող են ասել նույն եղանակով գրողները․ սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ կարող է շատ անգամ հափշտակվել երևույթների աննշան մանրամասներով և էականը չզատել երկրորդականից, այսինքն՝ հարատևն անցողականից։ Տարիների հիշողությունը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարն այսպես ասած հալվում է և աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից և մնում է էականն, այսինքն այն, ինչ որ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը» («Կյանքի բովից», էջ 220—21)։

Տարիների ընթացքում Շիրվանզադեն գտնում է «ժամանակի մաշիչ զորությանը դիմացող էական գաղափարը»՝ էպոխայի կյանքի և հասարակական հարաբերությունների մասին. նա ընտանեկան կյանքի խռովության միջոցով արտացոլում է բուրժուական հասարակության արատները, ընտանեկան քաոսի պատկերումից գնում է դեպի հասարակական անարդար կյանքի քաոսի պատկերումը։ Հիշողությունների մեջ Շիրվանզադեն հետաքրքրական դիտողություններ է անում արդյունաբերական մեծ քաղաքի կյանքի էվոլյուցիայի մասին։ 90-ական թվականներին, 15 տարվա ընթացքում, Բաքուն բավական փոխվել էր, մեծացել էր ազգաբնակչության թիվը, արտաքուստ բարգավաճել էր քաղաքը, եվրոպականացել մարդկանց զգեստներն ու կենցաղավարությունը։ Սակայն սոցիալական հակասությունները գնալով ավելի ու ավելի էին ուժեղացել, ճնշումն ու շահագործումը, թալանն ու կողոպուտը դարձել էին ավելի բացահայտ ու անամոթ։ Այդ կյանքը Շիրվանզադեն անվանեց քաոս․ «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այդտեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեկամի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդուն հոր դեմ» («Կյանքի բովից», 1951 թ․, էջ 221 )։

«Քաոս»-ն ավարտվեց 1897 թվականին և տպագրվեց 1898 թվկանին։ Այդ ժամանակ Շիրվանզադեն գտնվում էր Օդեսայի աքսորում և հնարավորություն չուներ անձամբ սրբագրել վեպը։ Գիրքը մի տարի շարունակ մնաց տպարանում, այդ պատճառով էլ՝ տիտղոսաթերթի վրա լույս ընծայման թվականը գրված է 1898 թ․, կազմի վրա՝ 1899 թ․։ Իր հոդվածներից մեկում «Քաոս»-ի տպագրության պատմության մասին հետաքրքրական տեղեկություններ է թողել Վրթ․ Փափազյանը․ «Թե որ աստիճան նեղություններով ու