Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/532

Այս էջը հաստատված է

«Մահամերձը ցանկանում էր դուրս թափել սրտի մեջ կուտակված դառը մաղձը, ասել բոլորը, բոլորը, ինչ որ զգացել էր ութ տարվա ընթացքում: Ասել՝ արտասուքով ողողելով ճամբից Շեղված որդու մոլի գլուխը։ Բայց ուժերը դավաճանում էին։ Բժշկի ջանքերն այլևս անզոր էին կենդանություն ներշնչել սառող մարմնին։ Սակայն մի երկարատև, խորը, շատ խորը հայացք, որ գալիս էր գերեզմանի խորքից, ամեն ինչ պարզեց մեղսագործ որդու համար, որ այժմ ոտքի ելած, ճգնում էր զսպել իր արցունքը, որպեսզի ցույց չտա իր հոգու տկարությունը:

— Մենա՞կ ես եկել,— կարողացավ միայն հարցնել մեռնողը։

— Մենակ,— պատասխանեց որդին հակիրճ, հասկանալով, թե ինչ իմաստով է տրվում իրան այդ պարզ հարցը» (1926 թ․)։

Այսպիսի փոփոխություններ, որոնք ավելի խորն են բացահայտում հերոսների հոգեբանությունը և հարստացնում նկարագրությունները, գրքում շատ ու շատ են։ Ահա ևս մի բնորոշ օրինակ՝ հոգեհացի տեսարանից, ուր նույնպես կատարված են շատ նուրբ փոփոխություններ և լրացումներ․ «․․․խլացուցիչ ժխորի մեջ լսվում էին ամենակեղտոտ ածականներ, ամենազազրելի հիշոցներ, որ դարերի ընթացքում կազմվել էին այն ցեխի կույտերից, այն աղտոտ մթնոլորտում, ուր ապրում է ու շնչում մերկությունը» («Քաոս» 1898 թ․, էջ 28)։ «Խլացուցիչ ժխորի մեջ լսվում էին զանազան լեզուներով ամենակեղտոտ ածականներ, ամենազազրելի հիշոցներ, որ դարերի ընթացքում կազմվել էր ցեխի ու կեղտի ձուլարանում, ուր ապրում էր ու շնչում մարդկային մերկությունն ու անոթությունը։ Մարդկության ամոթն էր այդ և դաժանությունը, անարգանքը բնության և ծաղրը տիրող կարգի ու կանոններին և ապիկար օրենքներին» («Քաոս», 1926 թ․, էջ 30)։ Այս լրացումը գաղափարական լուրջ ընդհանրացում է, որ թելադրվում է բուն նկարագրի բովանդակությամբ։

Վերամշակման ընթացքում, գրողը մի առանձին ուշադրություն է դարձրել Միքայելի կերպարի վրա, ձգտելով այն դարձնել հոգեբանորեն ավելի համոզիչ։ Նա աշխատում է բնական դարձնել Միքայելի հոգեկան փոփոխությունները, հարստացնում է նրա ապրումներն ու ներքին դրաման, սերը՝ Շուշանիկի և ատելության զգացմունքը՝ նախկին միջավայրի, ոսկե երիտասարդության նկատմամբ։

Ճիշտ այդպես, գրողը նկատելի փոփոխություններ ու լրացումներ է կատարել Շուշանիկի ներքին խոսքի և ապրումների նկարագրի մեջ, որպեսզի ավելի բնական ու համոզիչ դարձնի նրա հիասթափությունը Սմբատից և իսկական բարձր սերը՝ Միքայելի նկատմամբ։

«Քաոս»-ը հայ գրականության ամենից ավելի մասսայական և տարածված գրքերից մեկն է։ Այն մտել է սովետական շրջանում լույս տեսած Շիրվանզադեի բոլոր ժողովածուների մեջ, առանձին գրքով տպագրվել է հինգ անգամ։ Ռուսերեն լեզվով լույս է տեսել երկերի բոլոր ժողովածուներում, իսկ առանձին գրքով՝ երեք անգամ։ «Քաոս»-ը թարգմանվել և լույս է տեսել նաև լեհերեն, չեխերեն, լատիշերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն։