Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/533

Այս էջը հաստատված է

«ՎԱՐԴԱՆ ԱՀՐՈԻՄՅԱՆ»

1899 թ․ հոկտեմբերի 10-ին «Տարազ» շաբաթաթերթը «Գրական նորություններ» բաժնում տպագրեց հետևյալ տեղեկությունը՝ իր աշխատակից Շիրվանզադեի նոր վեպի մասին․ «Մեր աշխատակից պ․ Շիրվանզադեն, որ ներկայումս Օդեսայումն է գտնվում և առաջիկա դեկտեմբերին Թիֆլիս կգա, գրում է մի ընդարձակ վեպ «Վարդան Ահրումյան» անունով։ Վեպի բովանդակությունը բարդ է, նրա մեջ դուրս է բերվում մի հայի տիպ, որն իր մեջ ամփոփում է նրա մի քանի համամարդկային բացասական և դրական հատկանիշները։ Ահրումյանը մի հասարակ շրջանից փողի ուժով բարձրանում է հետզհետե և տիրում է ամենին։ Իր փառքի գագաթնակետին հասած՝ նա քննում է իր անցյալը և այնտեղ գտնում շատ տմարդություններ, եղծումներ, հարստահարություն, կողոպտումներ։ Խիղճը սկսում է նրան տանջել, և նա փորձում է բարեգործություններով խեղդել իր խղճի անողոք ձայնը»։ Ամենայն հավանականությամբ խմբագրությունը այս «գրական նորությունը» կազմել է Շիրվանզադեի Օդեսայից ուղարկած գրավոր տեղեկությունների հիման վրա։ Ինչպես ցույց են տալիս վեպի նախնական պլանը և «Վարդան Ահրումյան»-ի առաջին մասը, որ տպագրվեց 1902 թ․ «Լումա» ամսագրի № 1, 2-ում, ժամանակի ընթացքում հեղինակը զգալի փոփոխության է ենթարկել այն, ստեղծել բոլորովին նոր սյուժե, հղացում և կերպար։

Շիրվանզադեն մի կողմ է թողնում «հայի համամարդկային բացասական և դրական հատկանիշները», ստեղծում անողոք հարստահարիչի կերպար, ցույց տալիս գիշատչի ծնունդը, դաժան գործունեության առաջին շրջանը։ Նա երգիծական հնարներով խտացրել է իր հերոսի բացասական գծերն ու հատկանիշները, չարիքի պատկերն ավելի տեսանելի դարձնելու համար։

Վեպի շարունակությունը ցույց է տալիս, որ Շիրվանզադեն բնավ նպատակ չուներ ասպարեզ հանելու բարեգործությամբ իր խիղճը հանգստացնող հարստահարիչի կերպարը։ 1902 թվականին լույս է տեսնում վեպի առաջին մասը, ուր պատկերվում է հերոսի մանկությունն ու պատանեկությունը։ Այնուհետև ամբողջ 30 տարի Շիրվանզադեն այլևս չի դառնում կիսատ մնացած վեպին։ Ո՛վ իմանա, թերևս նա չշարունակեց վեպը, քանի որ հերոսի կյանքի հետագա ուղին, այսինքն հայ արդյունաբերական բուրժուազիայի կյանքն ու գործը այնքան մեծ տաղանդով բոլորովին նոր պատկերել էր «Քաոս» վեպում։ Իսկ հետո մի քանի տարի հեռանալով երկրից, նա արդեն բավական սառել էր դեպի այդ նյութն ու աշխարհը։

«Վարդան Ահրումյան»-ի ստեղծագործական պատմության մասին Շիրվանզադեի հետ ունեցած հետաքրքրական զրույցն է մեջբերում Ստ․ Զորյանը իր հուշերում։ Հիշելով իր կիսատ թողած վեպը, Շիրվանզադեն ասել է. «Ես ընթերցողներին պարտ եմ այդ բանում, բայց հիմա, պատերազմի այս օրերին ո՞վ տրամադրություն ունի այդպիսի բան գրելու,— ասում էր նա տխրությամբ և քիչ հետո ավելացնում հուզված․— Բայց գիտես, եթե շարունակեմ՝