ինչպես ընդունված է օրենքով։ Կարծեմ, ավելի արդարացի և օրինավոր կտակ երևակայել անգամ դժվար է։
— Իսկ Սմբատը...
— Խելքի մոտիկ բան չի լինիլ, հիշել նրա անունը կտակի մեջ։ Ամենքը գիտեն, որ նա հորից անիծված է ու հալածված, ուրեմն բնական է, որ նա մոռացվի։ Դատը տանելուց հետո, մենք նրան կնշանակենք մի որոշ ամսական կամ կտանք մի գումար, և դրա համար բոլորը կգովաբանեն մեր վեհանձնությունը։
— Բայց կկարողանա՞նք տանել դատը։
— Կամ կկարողանանք կամ ոչ։ Եթե չկարողանանք, կնշանակե կոնտր-կտակի կեղծիքը պարզված է և մենք կենթարկվենք քրեական պատժի...
— Ո՛չ, ո՛չ, ես այդ չեմ կարող անել,— գոչեց Միքայելը սարսափած։
Մարութխանյանը հեգնորեն ժպտաց։
— Բայց մենք դատը կտանենք անտարակույս, — ասաց նա ամենայն անդորրությամբ։ Լսի՛ր։ Ո՞վ պետք է քննե դատը, եթե ոչ նահանգական դատարանը։ Ահա հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Բայց որից կամ ինչից են կախված մեր այժմյան դատարանի որոշումները: Միայն հիմարներն ու ապուշներն են հավատում արդարադատությանը։ Իսկ ես, մոտից ճանաչելով դատարանի անդամներին մեկիկ-մեկիկ, գիտեմ, թե որքան թույլ է յուրաքանչյուրի ձեռքը։ Կաշառք, ահա այն մեծագույն զորությունը, որ ղեկավարում է մեր դատարանի խիղճն ու օրենքները։ Իսկ ես գիտեմ ինչ ձևով պետք է կաշառել դատարանի անդամներին և պաշտոնյաներին, սկսած դռնապանից մինչև նախագահը:
— Իսկ եթե չկարողանա՞նք կաշառել,— հարցրեց Միքայելն անհամբերությամբ։
— Այն ժամանակ կա մի ուրիշ միջոց։ Հաշտություն:
— Ո՞ւմ հետ։
— Սմբատի։
— Ի՞նչ ձևով։
— Նախ վախեցնելով նրան լուրերով կոնտր-կտակի մասին։ Այս առթիվ ես արդեն մի թեթև լուր տարածել