— Լավ,— համաձայնվեց Միքայելը,— այսօր ևեթ կգտնեմ և կտամ...
— Այ, այժմ տղամարդի ես նման, պետք է գործել սիրելիս, պետք է գործել։
Դռները բանալով, նա քիչ մնաց ընդհարվի Գրիշայի հետ։ Պարարտամարմին երիտասարդը հարգանքով ճանապարհ տվեց Մարութխանյանին և ներս մտավ հոգնած, թաշկինակով սրբելով կարմրած երեսի ու պարանոցի քրտինքը։ Նա ընկավ բազկաթոռի վրա՝ ինչպես մի ռետինե գնդակ։
— Օ՜հ,— արտասանեց հևալով,— տանջանք է սանդուղքով բարձրանալը։ Օրինավոր մարդկանց տունը սանդուղք չպիտի ունենա... Բժիշկների հերն անիծեմ, կանգնել են, թե ոտքով պիտի ման գաս, որ նիհարես։ Այս տիկը ես ի՜նչպես ման ածեմ։ Քյազիմ-բեգի մոտն ենք։ Բարեկամ, քացախ խմիր, մի մեծ դեբոշ է կազմակերպվում. ե՞րբ է հորդ քառասունքը։
— Կարծեմ, մի շաբաթից հետո։
— Այդպես էլ ասացի։ Ուրեմն մյուս կիրակի կտանք հանգուցյալի հիշատակին մեր վերջին հարգանքը, իսկ երկուշաբթի օրը քեզ սգից կհանենք։ Բայց նաղդից խոսենք. եկել եմ խնդրելու, որ այս երեկո մոտս գաս, մի թեթև բակարա եմ ուզում սարքել։ Հրամայիր մի բաժակ ջուր բերել։
Սպասավորը Միքայելի հրամանով, բերեց մի շիշ նարզանի ջուր, որ Գրիշան խմեց ուղղակի շշից։ Հետո նա համոզեց Միքայելին այսօր միասին ճաշել «Եվրոպա» հյուրանոցում։ Այնտեղ են ճաշում նորեկ օպերայի դերասանուհիները՝ գեղեցկուհի «պրիմադոննա» Բարանովսկայայի հետ:
— Դեհ, ես հանգստացա, հայդա, դուրս գանք...
Նրանք դուրս գնացին, եղանակը դեռ տաք էր, չնայելով, որ հոկտեմբերի սկիզբն էր։ Անցան մի քանի բազմամարդ փողոցներ, հասան մի քառակուսի հրապարակ, որ ծառայում էր իբրև զբոսարան։ Ընդունելով աջից ու ձախից իր բազմաթիվ ծանոթների բարևները, թվում էր Միքային, որ ամենքը լսել են իր հոր կտակի բովանդակությունը և ծաղրում կամ կարեկցում են իրեն։