քանի օր որոշ ժամին անցավ միհարկանի տան լուսամուտների առջևով, տիկնոջը չտեսավ։ Այս ավելի գրգռեց նրան: Մի երեկո վճռեց այցելել։ Հակառակ սպասածին, տիկնոջ ամուսինն էլ տանն էր, թեև այդ պահին նա կլուբումն էր լինում։ Մի շաբաթվա խռովությունից հետո այսօր մարդ ու կին հաշտվել էին։ Մի ժամանակվա «սերը» այժմ փոխվել էր փոխադարձ սառնության, և նրանք ամիս չէր անցնում, որ միմյանց չվիրավորեին այս կամ այն պատճառով։ Հենց որ ամուսնական կյանքի առաջին տարին անցավ, Պետրոսն Անուշի և Անուշը Պետրոսի աչքում դարձան ամենատաղտկալի էակներ՝ մարդն իր շրջանի հատուկ գռեհկությամբ, կինն իր հավակնությամբ ու պահանջներով, երկուսն էլ կոպիտ և մեկը մյուսի համար չափազանց առօրյա, նույնիսկ տգեղ: Նրանք զգացին, որ միայն անցողիկ անասնական կիրքն էր, որ նրանց ձգեց իրարու գիրկ։ Մի կիրք, որ այժմ Պետրոսը նվիրել էր ծախու էակներին, իսկ Անուշի մեջ տակավին լուռ էր, սպասելով հարմար առիթի, որպեսզի բռնկվի։
Այսօր տիկինն առանձին ուշադրությամբ դիտեց ամուսնուն, դիտելով նաև հյուրին։ Տարբերությունը շատ խիստ էր: Հաստափոր, հաստապարանոց, խորն ընկած փոքրիկ ագահ աչքերով, ճաղատ գլխով, բշտիկներով ծածկված երեսով — ահա Պետրոսը։ Թեյը խմում է պնակից, թրջելով նրա մեջ իր հաստլիկ, վար իջած բեղերը և խորդալով: Անուշ խմորեղենի կտորները կլանում է իրարու հետևից, փռնչալով տավարի պես, մինչև անգամ չգիտե հյուր ընդունել ու նրա հետ զրուցել մարդավարի. նախ՝ շփոթվեց, տեսնելով իր տանն այդ նորաձև հագնված, նուրբ կազմվածքով, խոշոր կրակոտ աչքերով միլիոնատիրոջը, որի ձևերն ու շարժումները կրում են հարստության մեջ ծնվածի ու սնվածի որոշ կրթության դրոշմը։ Այո՛, խելագար էր Անուշը, կատարյալ խելագար, որ փաթաթվեց այդ մարդու պարանոցին։ Այնինչ այսօր այդ մարդը դեռ ինքն է դավաճանում ամուսնական անկողնին, փոխանակ հակառակը լինելու։
Պետրոսը խոսում էր Ալիմյանի հետ վաճառականական գործերի մասին — մի նյութ, որ բնավ հետաքրքրական չէր