Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/65

Այս էջը հաստատված է

նրանց և դնել այն հարկի տակ, ուսկից ինքն էլ վռնդված էր մի ժամանակ նրանց պատճառով և ուր ոչ ոքի սիրտը բաց չէր նրանց ընդունելու։ Եվ մի՞թե ունի իրավունք այդ անելու։ Մի կողմից հայրական կտակն իր ծանր անեծքով, մյուս կողմից՝ մոր անվերջ կշտամբանքները։ Բայց չէ՞ որ նա տանջվում է առանց զավակների և չէ՞ որ այդ զավակներն այնտեղ, այդ սառցային երկրում ունին որդիական ջերմությամբ լեցուն սիրտ և այժմ կարոտում են նրա տեսակցությանը։ Ի՞նչպես ղրկել այդ անմեղներին իրենց մորից և թողնել նրանց, որ տառապեն կարոտից։

Մի երեկո, այս ուղղությամբ խորհելով, նա զգացված էր առանձնապես։ Հանկարծ մի վճռական շարժում արավ, վերցրեց մի թերթ թուղթ և սկսեց կնոջը մի նամակ գրել։ Այլևս անկարող է դիմանալ զավակների կարոտին։ Այժմ նա ո՛չ գործել գիտե և ո՛չ մտածել գործի մասին։

Նամակը վերջացրեց, կարդաց և նորեն ընկավ մտատանջության մեջ։ Ի՞նչ է ուզում անել, ոտնատակնե՞լ հոր կտակը, արհամարհել մոր աղերսանքներն ու արցունքները, մնալ հավիտենական անեծքի տակ։ Հետո՞․ նա ի՞նչպես պիտի հաշտեցնե նահապետական և նախապաշարմունքներով տոգորված մի գերդաստան մի եվրոպական ոգով կրթված օտարուհու հետ։ Այս դեռ բոլորը չէ, կա և՛ ուրիշ, գուցե ավելի մի բարդ խնդիր, չէ՞ որ նա չի սիրում իր կնոջը, չէ որ յոթ տարի վարել է նրա հետ գեհենային կյանք։ Այժմ հազիվ հեռացել է նրանից, հազիվ մի փոքր շունչ առել և նորե՞ն վերսկսել նույն տառապանքները։

Նա կամեցավ նամակը պատռել, դեն ձգել, բայց նորեն հիշեց զավակներին և նորեն զգաց խղճի սուր խայթ։ Երանի այսքան ընտելացած չլիներ նրանց, երանի լիներ մեկն այն իր հայրենակիցներից, որոնք համանման վիճակում կարողացել են ձգել ճակատագրի հաճույքին իրենց արյան և հոգու կտորն ու հանգիստ վերադարձել հայրենիք և նորեն ամուսնացել։ Այն ժամանակ նա իր անմաքուր խիղճը կսրբեր կրոնամոլության ավազանում։ Բայց նա սիրել է նրանց ոչ միայն իբրև ծնող, այլև իբրև զգայուն մարդ։ Ատելով կնոջն ու նրանից ատվելով, զգալով իր անթույլատրելի