մոլորությունը, հորից անիծված, մորից, եղբայրներից ու բոլոր մերձավորներից հեռու, նա ուներ միայն և միմիայն մի սփոփանք — զավակները, ու նրանց մթնոլորտումն էր մոռանում իր հոգու կսկիծը։
Նա վերցրեց նամակը, ծրարեց։ Այդ պահին ներս մտավ Միքայելը, մոտեցավ և լուռ նստեց դեմուդեմ սեղանի մյուս կողմում։ Նրա դեմքն արտահայտում էր վճռականություն, երևում էր, որ եկել է մի լուրջ խնդրով և դրական որոշումով։
— Ժամանակ ունի՞ս,— հարցրեց նա։
— Նայելով, թե ինչի համար։
— Այդ կիմանաս, բայց այդ ի՞նչ նամակ է։
— Քո գործը չէ։
— Հասկացա, կնոջդ ես գրում։ Իհարկե, չունիմ իրավունք քո անձնական գործերով զբաղվելու․ սակայն հետաքրքրական է գիտենալ ի՞նչպես ես վճռել զավակներիդ վիճակը։
— Գրում եմ նրանց մորը, որ վերցնե նրանց և գա այստեղ։ Հույսով եմ, որ գոնե դու դեմ չես այդ բանին։
— Դու ինքդ ասացիր, որ այդ ինձ չի վերաբերում, բայց արդյոք վաղաժա՞մ չէ այդ նամակը։
— Ի՞նչ ես ուզում ասել։
— Այն, որ նախքան այդ նամակը գրելը պիտի խոսեիր ինձ հետ։
— Չեմ հասկանում։
— Կխոսեմ պարզ ու կտրուկ։ Դու պիտի շուտով վերադառնաս Մոսկվա։
— Վերադառնա՞մ։ Ինչո՞ւ։
— Քո նախկին կյանքը շարունակելու, այսինքն՝ գերդաստանից աքսորված։
— Միքայել, ես տրամադիր չեմ կատակներ անելու։
— Ես ևս առավել։ Լսի՛ր, ապօրինի ես տիրացել մեր հոր ժառանգությանը։
— Մի՞թե,— զոչեց Սմբատը հանգիստ, ցամքիչը սեղմելով ծրարի հասցեի վրա։