Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/69

Այս էջը հաստատված է

— Կդիմեմ դատարանին։

Սմբատը լռեց, ծալեց նորեն թուղթն ու դրեց եղբոր առջև։ Միքայելը նայում էր նրա երեսին։ Մի վայրկյան նա խորհեց, որ իր արածը լավ բան չէ, բայց միայն մի վայրկյան։ Չպիտի՛ սկսեր կոմեդիան, որ սկսել է, պիտի խաղա մինչև վերջը։

— Ուրեմն դատարանի՞ միջոցով։

— Դիմիր, ուր որ ուզում ես,— պատասխանեց Սմբատը, վճռաբար,— ես այդ կտակը համարում եմ կեղծ և հորինողը Իսահակ Մարութխանյանն է։

Միքայելը ցնցվեց թակարդ ընկած թոչնի պես, սակայն կարողացավ անմիջապես ուշքի գալ։

— Ցավում եմ, որ պիտի դիմեմ դատարանին,— ասաց նա և ոտքի ելավ։

Եվ որպեսզի իր կամքի ույժն ավելի դժվարին փորձի չենթարկի, շտապեց հեռանալ, թուղթը դնելով գրպանը։

Սմբատը բութ մատի եղունկը սեղմեց ատամներին, հայացքը հառելով հատակին։ «Իսկ եթե կեղծ չէ՞»։ Հայտնի բան է, այն ժամանակ պիտի մտածել անելիքի մասին։ Նա չի կամենում չոր տափի վրա մնալ, և ո՞վ կկամենար մնալ նրա տեղը։ Թող այդ հարստությունը դիզված լինե աններելի միջոցներով, նրան կարելի է զտել ու մաքրել կեղտերից, գործադրելով հօգուտ հանրության, բայց նորեն աղքատանա՜լ... о՜о, ո՛չ, չի կարող...

Հետևյալ առավոտ նա ինքը գնաց Միքայելի սենյակը և այնտեղ հանդիպեց Իսահակ Մարութխանյանին։ Գուշակեց անմիջապես, թե ինչն է այդ մարդուն բերել այստեղ այդչափ կանուխ առավոտյան։ Գուշակեց նաև, որ փեսան իր աներձագի տրամադրությունն արդեն լարել է իր դեմ։ Նա բացատրություն պահանջեց. Միքայելը կրկնեց նույնն ավելի դրականորեն, քան նախընթաց երեկո։

— Դիմելու եմ դատարանին այսօր ևեթ, եթե չկամենաս գործը հաշտությամբ վերջացնել։

— Դիմի՛ր,— ասաց Սմբատը, մի զննիչ հայացք ձգելով Մարութխանյանի վրա,— դիմեցե՛ք, երկուսդ էլ կկորչեք որպես կեղծարարներ։