Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/72

Այս էջը հաստատված է

— Այո՛, վախենում եմ։

— Բայց, որքան ինձ հայտնի է այսքան տարի մեզ մոտ ծառայելով, դուք դեռ ոչ մի անգամ փող չեք կորցրել։

— Սխալվում եք, մի-երկու անգամ պատահել է հանգուցյալի կենդանության ժամանակ։

Զարգարյանի խոսքերի մեջ Սմբատն զգում էր հետին միտք։ Այդ մարդու ազնվության մասին նա մազի չափ կասկած չուներ։ Արդեն բավական էր, որ հանգուցյալի նման վերին աստիճանի զգույշ և կասկածամիտ մեկը պահել է նրան իր մոտ յոթը տարի։

— Ի սեր անկեղծության, պարզ խոսեցեք։ Ինչպես տեսնում եմ, դուք մի բան ուզում եք ասել, բայց քաշվում եք․․․

— Շատ բարի, պարզ կխոսեմ, քանի որ թույլ եք տալիս,— ասաց Զագարյանը և մի խոշոր քայլ ևս անելով, կանգ առավ Սմբատի առջև.— ձեր եղբայրը, պարոն Սմբատ, գողություն է անում։

— Զարգարյա՜ն,— ընդհատեց Սմբատը վրդովված։

— Դուք իրավունք տվեցիք ինձ լինել անկեղծ, ուրեմն չպիտի բարկանաք։ Այո՛, պարոն Միքայելը գողություն է անում, և ես անզոր եմ նրան արգելելու։ Նա այս շաբաթ երեք անգամ գրասենյակից փող է վերցրել առանց ստացական տալու։ Ահա հաշիվը, հազար յոթ հարյուր ռուբլի․․․

Նա դրեց Սմբատի առջև մի թուղթ։

Գողությո՜ւն. ո՛րպիսի վիրավորանք Ալիմյան գերդաստանի պատվին և ինքնասիրությանը։ Միքայելն այդ փողերի մասին ոչինչ չի ասել Սմբատին և, իհարկե, երբեք չպիտի ասեր։ Ահա ի՜նչ. ուրեմն նա չի բավականանում մորից առանձին և եղբորից առանձին ստացածներով․ ձեռներն ապականում է գողության մեջ։ Նա չի խնայում անգամ այն խեղճ հաշվապահին,— վտանգի ենթարկելով նրա վարկը։ Ահա թե ո՛րքան է ապականվել այդ տղան։

— Հանգուցյալը,— շարունակեց Զարգարյանը հառաչելով,— լավ էր ճանաչում որդուն, ուստի բոլոր վարձողներին և գործակատարներին պատվիրել էր ոչ մի կոպեկ չտալ նրան։ Լավ կլիներ, որ միևնույնն էլ դուք անեիք․․․