— Շատ բարի, ես աչքի առջև կունենամ ձեր խորհուրդը․․․
Ասաց և վրդովմունքը ցրելու համար դուրս եկավ փողոց։
Կյանքն արդյունաբերական քաղաքում եռում էր։ Մարդիկ անցնում էին դեսուդեն շտապ քայլերով, մտազբաղ դեմքերով։ Դժվար չէր գուշակել, որ գլուխները պաշարված են միայն մի մտքով և սրտերը համակված միայն մի զգացումով — վաստակել որքան կարելի է շուտ և որքան կարելի է շատ։ Արդեն ամբողջ մթնոլորտը տոգորված էր այդ գաղափարով։ Մարդիկ բարևում էին իրարու հապճեպ, խոսում էին արագ-արագ, հևալով, շնչասպառ։ Հազիվ կանգ էին առնում, երբ հարկավոր էր իրարու ձեռը սեղմել։ Ամբողջ քաղաքն անսովոր մարդու վրա գործում էր երկաթուղու կայարանի տպավորություն, ուր ամեն ոք շտապում է, վազում, հրում ու հրվում, վախենալով գնացքը փախցնել։ Աջ ու ձախ սլանում էին տնային ու վարձու կառքերը, տանելով գործի մարդկանց՝ դեպի փայլուն ոսկին։ Աջ ու ձախ երևում են նոր կառուցվող և արդեն կառուցված հոյակապ տներ։ Սպիտակ քարաշեն եվրոպական ձևի շինությունները փոխարինում էին նախկին նեղ ու ցածր ասիական կացարաններին՝ հողե տափակ կտուրներով։ Ամեն ինչ փոխվում ու նորոգվում էր տենդային թափով, իսկ ամենից առաջ մարդկանց արտաքինը։ Երեկվա պարսկական փափախը, կապան ու քոշերը տեղի էին տալիս քաղաքակիրթ աշխարհի գլխարկին, ռեդինկոտին ու փայլուն կոշիկներին։ Գրասենյակներն ու փարթամ խանութները լեցուն էին հաճախորդներով։ Մտնում էին, դուրս գալիս, գնում, վաճառում, խաբում ու խաբվում և միշտ շտապում։
Մի երկհարկանի տան առջև Սմբատը տեսավ խումբ-խումբ մարդիկ, որ այս ու այն տեղ խորհրդավոր դեմքերով փսփսում էին։ Բնազդմամբ գլուխը բարձրացրեց և տան ճակատին կարդաց «Բորսա»։ Այստեղ էին օրվա որոշ ժամերին ժողովվում առևտրական միջնորդները և «բորսային նապաստակները», այստեղ էին շահում ու շահագործում։ Յուրաքանչյուրն աշխատում էր ուրիշի ապրանքը թանկ ծախել,