Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/76

Այս էջը հաստատված է

հետ, նա մտավ մի սենյակ, անցավ մի մեծ սրահ։ Այստեղ ոմանք զբաղված էին թղթախաղով, ոմանք խմբակների բաժանված խոսում էին, վիճաբանում, բացատրում, համոզում։ Այստեղ ևս առևտուր էր կատարվում։ Կատակներ էին անում, սրախոսում, ցինիկ անեկտոդներ պատմում և, միմյանց ուսին ու փորին զարկելով, տասնյակ հազարների գործեր վերջացնում։ Լսվում էին դարձվածքներ, նկատվում էին ձևեր ու շարժումներ, որ անսովոր մեկի վայելչասիրության զգացումը կարող էին վիրավորել։ Երեկվա գռեհիկ գյուղացիների, մրգավաճառների, սայլապանների միայն հագուստն էր փոխվել։ Փողոցը, օսլայած շապկով ու փայլուն կոշիկներով տեղափոխվել էր մի հասարակական հավաքարան, որ լուսավորված էր էլեկտրական լամպաներով և զարդարված փարթամ կահ-կարասիով։ Թավշե բազկաթոռների վրա անփույթ ընկղմված էին մարդիկ, որ դեռ երեկ-մեկէլ օրը հնամաշ խսիրների վրա էին ծալապատիկ նստում։

Կային բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, որոնց արտաքինը, ձևերն ու արտասանած դարձվածքները կրում էին շրջանի դրոշմը։ Գրեթե նույն կոշտ ու կոպիտ կեցվածքը, նույն գռեհիկ եղանակը խոսակցության, ինչ որ հատուկ էր անկիրթ ու անտաշ շրջանին, այնպես որ անծանոթ անձը չէր կարող երևակայել, որ յուրաքանչյուրի գրպանում կա մի-մի վկայական բարձրագույն ուսման։ Կրթությունն ու զարգացումն ազդելու փոխարեն ազդվում էին և նկատելի էր, որ կրթվածները նույնիսկ գիտակցաբար օրինակում էին հարստացած խոհարարների ու դռնապանների գռեհիկ ձևերն ու սովորությունները` նրանց դուր գալու համար։

Սմբատն ամեն կողմից հանդիպում էր սիրալիր ողջույնների, ստրկական ժպիտների, և կրթվածները, միմյանց առաջում էին նրա ձեռը սեղմելու։ Եվ ամենքն իրենց կարեկցությունն էին արտահայտում հոր մահվան առիթով և գովում ու փառաբանում էին հանգուցյալի առաքինությունները։

— Դրանք էլ մեր ազգասերներն են,— ասաց Գրիշան` հեգնաբար, առաջնորդելով Սմբատին մի փոքրիկ սենյակ,