Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/78

Այս էջը հաստատված է

անցավ կուլիսների հետև։ Այդտեղ տիրում էր շուկային խառնակություն. մինչ բեմի վրա երգում էին խորային երգիչ-երգչուհիներն ու պարուհիներն իրենց թեթև զգեստներով, բարձրաձայն խոսում էին, վիճաբանում, իրարու բոթում, իրարու հայհոյում, ծիծաղում, քրքջում։ Կային մի քանի կնամոլներ, որ եկել էին իրենց ժամանակավոր սիրուհիներին ներկայացումից հետո ընթրիքի տանելու։ Դրանք գլխավորապես գողությամբ հարստացած գործակատարներ կամ նավթային միջնորդներ էին։

Գրիշան ձեռով շփեց մի սիրունիկ պարուհու երեսը և մոտեցավ գեղադեմ կոմպրեմարիոյին առժամանակ, մինչև որ պրիմադոննան կավարտեր իր արիան բեմի վրա և կստանար երկրպագուների սովորական ծափերը, նաև մի որևէ նախկին սայլապանից` ծաղիկների մի կողով։ Կուլիսների հետևում նա առհասարակ ընդունվում էր սիրով ու հարգանքով, և շատ դերասանուհիներ ու երգչուհիներ իրենք էին փաթաթվում նրա պարանոցին։

Հայտնելով պրիմադոննային, թե այս գիշեր ուր պետք է անցկացնեն իրենց ժամանակը ներկայացումից հետո, նա շտապեց անցնել թատերասրահ, որ ծայրեիծայր լիքն էր։ Հպարտ, ինքնավստահ քայլերով անցավ ադամանդազարդ տիկինների ու պոչավոր պարոնների միջով և բռնեց իր տեղն առաջին կարգում։ Տասնյակ նախանձոտ աչքեր ուղեկցում էին նրան, իբրև մի երջանիկ անձի, որի համար թատրոնը, կարծես, սեփական տունն էր, իսկ կուլիսների հետևը` հարեմ։

Քյազիմ-բեգ Ադիլբեգովը Միքայելի ընկերների մեջ ամենից ազատն էր ընտանեկան պայմանների նկատմամբ, ամենից հարուստն ու ամենից շռայլը։ Նրա ծնողները մեռել էին մի քանի տարի առաջ, տանը ոչ ոք չուներ, բացի երկու-երեք լեզգի ծառաներից, խոհարարից և կառապանից: Ապրում էր որպես ոչ-մահմեդական, նիստն ու կացը բոլորովին հարմարեցրած էր քրիստոնյա ընկերների ճաշակին ու պահանջներին։ Հորից ժառանգել էր երեք-չորս հոյակապ տներ, բազմաթիվ նավթահորեր, երկու առագաստավոր նավեր, մի շոգենավ և մի քանի տոպրակ ոսկիներ։ Արդեն