Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/79

Այս էջը հաստատված է

կեսն իր հարստության վատնել էր, մնում էր մյուս կեսը։ Մոլեռանդ մուսուլմանները վաղուց էին հաշտվել նրա մեղսալի կենցաղի հետ, համարելով նրան ապականված գյավուր, որ հանդերձյալ աշխարհում պիտի չարաչար պատժվեր...

Հյուրերը մտան կես եվրոպական և կես ասիական ոճով կահավորված մի ընդարձակ սրահ։ Մի անկյունում ծալապատիկ թախտի վրա նստած, երգում ու նվագում էին սազանդարները։ Տանտերը մի քանի հյուրերի հետ վինտ էր խաղում։ Դա առույգ և կայտառ մի երիտասարդ էր, գեղեցիկ դեմքով, խոշոր, սև աչքերով, մաքուր սափրած երեսով և բարակ սևաթույր ընչացքով։ Հագած էր թավշե արխալուղ, Դաղստանի նրբագույն շալից կարած կապա` ոսկե վազմաներով։ Մեջքին կապած էր ոսկե գոտի, որից կախվում էր մի գեղեցիկ դաշույն` զմայլելիորեն շինած ոսկեխառն փղոսկրե պատյանի մեջ։

Տեսնելով հյուրերին, նա արագությամբ ոտքի ելավ նրանց դիմավորելու և երևան հանեց իր բարձր հասակն ու նուրբ կազմվածքը։ Դեմքի կարմրությունից, վառ աչքերի արյունախառը շրջանակներից կարելի էր գուշակել մեծ սերը դեպի ոգելից ըմպելիքները և անքուն գիշերները։

— Մաշալլա՜, մաշալլա՜,— գոչեց նա, մոտենալով Սմբատ Ալիմյանին,— Հիսուսի անունով երդվում եմ, այս երեկո ես երջանիկ եմ քո գալստյամբ։ Թաքո՜յ սյուրփրիզ, թաքո՜յ սյուրփրիզ...

Նա ղրկեց ու համբուրեց Սմբատին և ներկայացրեց հյուրերին։ Ներկա էին` մի ռուս սպա, մի վրացի իշխան, պարսկաց հյուպատոսը, երեք հայ, մի լեզգի, երկու հրեա, մի հույն և մի լեհացի։ Հայերից մեկը մոտ հիսունհինգ տարեկան մարդ էր, միակ ծերն այդ շրջանում և մեկը քաղաքի առաջնակարգ հարուստներից, կույր բախտի մի ընտրյալ, որի մասին ասում էին, թե մի ժամանակ եղել է խոհարար։ Մյուսը վաղաժամ ծերացած մի երիտասարդ էր` աշխարհի հաճույքներից հոգնած դեմքով։ Նրա դեմքը կրում էր վատագույն հիվանդության նշաններ։ Երրորդը`