Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/8

Այս էջը հաստատված է

կմախք։ Շրջակայքն ավազուտ կամ նավթի լճերով ծածկված, այստեղ ոչինչ չի մեղմացնում արեգակի տրոպիկական տապը, նույնիսկ ծովը։ Քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից, ավազը խանձվում է, օդը դառնում հեղձուցիչ։ Բնակիչները շտապում են լողարանները և օրը մինչև երեկո ծովը լի է մերկ մարմիններով, որոնք մերթ փայլփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրի մեջ որպես դելֆիններ։

Ալիմյանների բնակարանի լուսամուտները դրսի կողմից նայում էին դեպի արևմուտք։ Ամառը, սկսած տասներկու ժամից նրանց փեղկերը միշտ ծածկված էին լինում մինչև մութ երեկո։ Այսօր նրանք բաց էին, բաց էին նաև ապակե փեղկերը և փողոցի տոթն առատորեն հոսում էր ներս։

Այնտեղ տիրում էին անսովոր շարժում և իրարանցում։ Ծառաներն ու գործակատարները շտապ-շտապ դուրս էին գալիս ու ներս մտնում, միմյանց հրամայում, միմյանց վրա բարկանում, զուր աշխատելով չաղմկել։ Տան մուտքի առջև րոպե առ րոպե կանգ էին առնում կառքեր և նրանց միջից դուրս էին գալիս Ալիմյանների ազգականները, բարեկամները, ծանոթները՝ կեղծ ու անկեղծ վշտակցության արտահայտությունը դեմքերի վրա։

Ամենքն շտապում էին մահամերձ միլիոնատիրոջ տունը, որ վերջին անգամ տեսնեն նրան և գուցե մի բան իմանան կտակի մասին։ Այնինչ մահամերձի ննջարանի դռները փակ էին։ Այնտեղ, մահճակալի շուրջը հավաքվել էին մեռնողի ընտանիքի անդամները, մի քանի մերձավորներ, ծխական քահանան և երկու-երեք բժիշկ։ Մյուս այցելուները խմբվել էին հյուրասենյակում։ Այդտեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել և չնայելով դրան, եկողը չէր ուզում հեռանալ։ Թանկագին պարսկական գորգերից բարձրացել էր նոսր փոշի։ Լուսամուտների թանձր ասվյա վարագույրների միջով ներս սփռվող արեգակի շողերը ոսկեզօծում էին այդ փոշին, օդի մեջ գոյացնելով թեք սյուներ, որոնք հետզհետե երկայնանում էին և հորիզոնական ձև ստանում։ Նրանցից մեկի ծայրը հասավ անկյունում մարմարյա վառարանի վրա դրած