որ կանգնած էին վիճողների հետևում, հետ քաշվեցին երկյուղով։
— Տալո՞ւ ես թուղթ, թե ոչ,— գոռաց Միքայելն արագությամբ և սպառնալի ոտքի ելնելով։
Մելքոնը նայեց Սմբատի երեսին:
— Կարող ես տալ,— արտասանեց Սմբատը, չհանդուրժելով եղբոր ստորացումը։
Մելքոնը երկու թուղթ ձգեց Միքայելի առջև, երկուսն էլ երեսնիվայր ձգեց իր առջև։
Հետո գաղտնի նայեց իր թղթերին, աչք-ունքը թթվեցրեց և ասաց.
— Տալիս եմ...
— Քեզ տես,— արտասանեց Միքայելը։
— Յոթանոց է մտել...
Մելքոնը ձեռքի կոլոդից դրեց սեղանի վրա մի թուղթ ևս։ Նրա շրթունքները դողդողում էին։
— Անո՞ւնդ,— հարցրեց նա։
— Դո՛ւ ասա։
— Անո՞ւնդ։
— Վեց ա։
— Ցո՞ւյց տուր...
— Յոթ...
Եվ Միքայելն իր թղթերը պարզեց սեղանի վրա։ Նա համոզված էր, որ տարել է։ Բայց Մելքոնը շուռ տվեց իր թղթերը և ցույց տվեց երկու տասանոց և մի իննանոց։ Միքայելը ցնցվեց։
— Անկարելի է,— գոռաց նա, ինքն իրեն կորցնելով,— անկարելի է, ես չեմ թույլ տալ ինձ կողոպտելու։
— Խա՜ղ է, — ասաց Մելքոնը սառնարյուն,— վաղը կվճարե եղբայրը։
— Ավազա՛կ, դու իննոցը դուրս բերիր կոլոգի տակից։
— Շուլերը դու ես։
Սկսվեց իրարանցում։ Երկու հակառակորդները ոտքի ելան և մի-մի աթոռ բարձրացրին։ Մի վայրկյան ևս և նրանք պիտի հարձակվեին իրարու վրա։ Սմբատը բռնեց