Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/85

Այս էջը հաստատված է

Միքայելին և ուժով մի կողմ տարավ։ Ապա, դառնալով Մելքոնին, ասաց.

— Վաղն առավոտյան տարածդ կստանաս։

Հարկավ, խաղը դադարեց։ Սմբատը կամեցավ անմիջապես հեռանալ և տանել իր հետ Միքայելին։

— Ո՛չ, ո՛չ,— թախանձեց Քյազիմ-բեգը,— ես կվիրավորվեմ, եթե գնաք։ Դատարկ բան է, կհաշտվեն։

Մինչ բոլորն աշխատում էին կռվածներին հանգստացնել, ներս մտան Գրիշան, պրիմադոննան, երկու խորային երգչուհիներ և մի երգիչ։ Եվ նրանց երևալը, մանավանդ պրիմադոննայի ժպտուն գեղեցկությունը՝ կրքերը մեղմացրին։

Գեղեցկուհի համարվածը բարձրահասակ, բավական գեր, շիկահեր մի էակ էր, մաղերը ճակատի վրա խոպոպացրած և ծոծրակի վրա հունական ձևով հյուսած։ Վարի թերթերունքների տակ խնամքով շինված սև գծերը նրա բնականից փոքրիկ աչքերին տալիս էին արվեստական խոշորություն, նույնիսկ մի տեսակ թախիծ։ Պուդրն ու շպարը ծածկում էին երեսի մորթու քանի մի անհարթությունները, իսկ սնգույրն այտերին տալիս էր թեթև կարմրություն։ Ունքերի նոսրությունը սքողված էր այնպիսի վարպետությամբ, որ ամենանրբատես աչքը կարող էր խաբվել։

Նա բոլորի ձեռքը սեղմեց մտերմաբար, բոլորին պարգևեց մեկն այն հրապուրիչ ժպիտներից, որ ինքնըստինքյան դառնում են բեմին ծառայողների հատկանիշը։

Սազանդարները ոգևորվեցին, նախատեսելով մի արտաքո կարգի քեֆ, ուրեմն և առատ վարձատրություն, մանավանդ եթե Միքայելին և Մելքոնին հաշտեցնեն։

Գրիշան գրկեց ու համբուրեց պատկառելի Պապաշային, շշնջալով նրա ականջին մի քանի արյունահույզ խոսքեր կանանց մասին։ Ծերունին հաստ բեղերը ոլորելով փողկապն ուղղելով, աչքերը կրքոտ կատվի պես տնկեց երգչուհու երեսին և հետո, նայելով ոտքից մինչև գլուխ, մտքում մերկացրեց նրան։

Կես ժամ անց, Քյազիմ-բեդը հյուրերին հրավիրեց սեղանատուն, ուր ուտելիքներով և ըմպելիքներով ծանրաբեռնված