Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/87

Այս էջը հաստատված է

ապագա Բառնայ կամ Սաչվինի։ Վճռել է օպերան թողնել և դրամային նվիրվել։ Օ՜օ, տեր աստված, ներվերս քայքայեցին այդ վայրենի հնչյունները,— ավելացրեց նա, ձեռով դժկամական նշան անելով դեպի սազանդարները։

— Ադա՛, լռեցե՛ք,— հրամայեց Քյազիմ-բեգը, և սազանդարները դադարեցին նվագել։

«Ապագա Բառնայը կամ Սալվինին» հանդիսավոր կերպով նայեց աջ, նայեց ձախ, բերանը սրբեց, փողկապն ուղղեց, որ ընդհանուրի ուշադրությունը գրավե։ Եվ սկսեց երգել ու ներկայացնել «Խելագարը»։ Նրա շրթունքները կամաց-կամաց աղավաղվեցին, երեսի կաշին կուչկուչվեց, աչքերի բիբերը ծռվեցին նախ մի կողմ, հետո մյուս կողմ, ապա բարձրացան վեր, և ապագա Բառնայը դարձավ կրկեսային խեղկատակ։ Նրա խռպոտ ձայնը, որ կրում էր ալկոհոլի կործանիչ ազդեցությունը, մերթ բարձրանում էր մինչև դիապազոն, մերթ կոկորդի մեջ խեղդվում, արձակելով ամենատարօրինակ հնչյուններ, նման տեղական սայլերի ճռճռոցներին։

Պրիմադոննան, որ իր հոգու խորքում խղճում էր իր «կորած» ընկերոջը, ծափահարեց՝ նրան չվշտացնելու համար։ Բոլորը հետևեցին նրա օրինակին։ Ապագա Բառնայն արժանավայել ձևով գլուխ տվեց աջ ու ձախ, նստեց՝ տխուր հառաչելով։

— Որքա՜ն զգացմունք, որքա՜ն զգացմունք,— գոչեց պրիմադոննան, թաշկինակը հպելով աչքերին՝ իբրև թե արցունքը սրբելու համար,— էքստրա քո կենացը, գեղարվեստի բազմաչարչար նահատակ։

— Օ՜, Լիզա, Լիզա, էքստրա,— բացականչեցին բոլորը, մի-մի բաժակ դատարկելով։

Գրիշան գիտեր պատվել կանանց սեռը։ Առաջարկեց խորային երգչուհիների կենացը միասին։

Հերթը հասավ Սմբատ Ալիմյանի կենացին։ Գրիշան ասաց, թե այսօր շրջանը ձեռք է բերում մի թանկագին անդամ, մի «մոլորյալ գառնուկ», որ գրեթե մանուկ հասակում փախել էր հարազատ փարախից։

Բոլոր սեղանակիցների կենացներն ավարտելուց հետո,