Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/88

Այս էջը հաստատված է

Քյազիմ-բեգը հրամայեց սազանդարներին՝ նվազել ինչ-որ պարերգ։ Առաջինն ինքը սկսեց պարել, աչքերը տնկած գեղեցկուհի պրիմադոննայի կրծքին, պտտելով սեղանի շուրջը։

— Ադա՛, փադայ շամփանսկիյ,— դարձավ նա սպասավորներին։

Սմբատը զգում էր ինչ-որ անսովոր ջերմություն։ Անծանոթ մթնոլորտը, ուր մի ժամ առաջ նա իրեն խորթ էր զգում, փափկացել էր և նրա հոգու մեջ տարածվում էր մեղմություն։ Այլևս նա չէր կշտամբում իրեն, որ եկավ այդտեղ։ Այժմ նա իր մտքում արդարացնում էր Միքայելին և պատրաստ էր նրան գրկել ու համբուրել․․․

VII

Միքայելը մոռացել էր իր անախորժ ընդհարումը Մելքոնի հետ և շարունակ քչփչում էր պրիմադոննայի հետ։ Քանի թուղթ էր խաղում, հիշում էր տիկին Անուշ Ղուլամյանի բեղիկները։ Այժմ երգչուհու հարևանությունը բոլորովին մոռացնել էր տվել տիկնոջը։ Արյունը բորբոքվել էր և նրա մարմնին պատճառում էր բուռն անձկություն։ Անզպելի ցանկությամբ նա նայում էր մերթ գեղեցկուհու ուռուցիկ կրծքին, մերթ թղթի պես ճերմակ պարանոցին։ Լինում էին վայրկյաններ, երբ պատրաստ էր շրթունքները հպել այդ պարարտ կոկորդին և ատամներով խածնել նրան, բայց աջ ու ձախից նայող նախանձոտ աչքերը զսպում էին նրան՝ մանավանդ Սմբատի աչքերը, որ նույնպես անտարբեր չէին դեպի երգչուհին։

Շամպանիայի առաջին բաժակը նվիրվեց երգչուհու կենացին, այս անգամ ոչ իբրև գեղարվեստի «Թագուհու», այլ բոլոր աշխարհների բոլոր կանանց լավագույնին։ Ամենքը ոտքի կանգնեցին, գոռալով ու աղաղակելով, բացի Սմբատից, որ տակավին պահում էր սգավորի լրջությունը։ Քյազիմ-բեգը մոտեցավ «անզուգական էակին», խնդրեց թույլ տալ «եթերային ուսը» համբուրելու։ Օրինակը գայթակղիչ էր,