Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/89

Այս էջը հաստատված է

բոլորը հերթով համբուրեցին հրապուրիչ ուսը գեղեցկուհու։ Տեղիցը չշարժվեց միայն Սմբատը։ Մի հանգամանք, որ չխուսափեց երգչուհու ուշադրությունից։

— Պարոն Ալիմովը շատ է զբաղված իր վիզավիով,— ասաց նա ծիծաղելով։

«Վիզավին» խորային երգչուհիներից մեկն էր, որի վրա մինչև այդ րոպե Սմբատը չէր նայել անգամ։

Ապագա Բառնայն արդեն հարբել էր և լալիս էր, քովը նստած սպային նկարագրելով գեղարվեստին ծառայողների հոգեկան տանջանքները։ Հարբել էին նաև Մելքոնն ու Մոսիկոն։ Պապաշան հարմար վայրկյան որսալով, աթոռը վերցրեց ու գնաց նստեց երգչուհու կողքին։ Բարձրացավ ընդհանուր ծիծաղ։ «Պապաշան գժվեց, Պապաշան կործանվում է» գոչեցին այս ու այն կողմից։ Երգչուհին մի քնքուշ հայացք պարգևեց նախկին խոհարարին, որի հարստության մասին լսել էր վաղուց։

Գրիշան ինչ-որ շշնջաց երգչուհու ականջին, բաժակը լցնելով շամպանիայով։

— Պարոննե՛ր,— գոչեց երգչուհին, բաժակը բարձրացնելով,— այնտեղ, ուր կա զվարճություն, ոխ չպետք է լինի․․․

— Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն, ինքն աստվածուհին է խոսում,— գոչեց Գրիշան։

— Խմում եմ Միխայիլ Մարկիչի և Մոիսեյ Ամբարձումովիչի կենացը և խնդրում եմ նրանց համբուրվել իրարու հետ։

— Համբուրվել, այո՛, համբուրվել, էվրիվա, հուռռա՜, հուռռա՜,— գոչեցին ոմանք։

Մի խումբ շրջապատեց Միքայելին, մի ուրիշը՝ Մելքոնին, մոտեցրին իրարու՝ հրելով ու բոթելով և ստիպեցին համբուրվել։

Հաշտությունն ամենքին ոգևորեց։ Այժմ կարելի էր ավելի բաց սրտով շարունակել քեֆը։

Սմբատը զայրացած նայեց հաշտվողների գրկախառնությանը․ ուրեմն այդ միջավայրում խոսքերն արժեք չունին, և վիրավորվածները ոչ մի ազդեցությո՞ւն կամ այդ