Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/9

Այս էջը հաստատված է

բրոնզե Ժամացույցին։ Փայլեց ձվաձև ապակե ծածկոցը և նրա տակ հրավառվեց գեղեցիկ կնոջ մի արձան վեհ ճակատով, թուրը ձեռին, մի ոտը դրած ամեհի առյուծի կոկորդին, որպես հաղթության աստվածուհի։

Այցելուների համբերությունը քանի գնում սպառվում էր։ Սպասում էին մահամերձի մահին, իսկ նա դեռ չէր մեռնում։ Ոմանք ստեպ-ստեպ թեքվում էին և փակ դռների բանալիի անցքով նայում դեպի մահամերձի սենյակը կամ ականջ էին դնում՝ ճգնելով մի բան տեսնել կամ լսել։ Հետո հեռանում էին, շշնջում միմյանց ականջին և գաղտուկ կատաղի հայացքներ ձգում սրա ու նրա վրա։ Բանն այն է, որ յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ուներ՝ որևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի կտակում։

Ննջարանի դռները հանդարտիկ բացվեցին, շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին, ինչպես ագռավների կռկռոցը հրացանի ձայնից: Դուրս եկավ մի մարդ մոտ վաթսուն տարեկան, բարձրահասակ, առույգ ու խրոխտ։ Նրա մաքուր սափրված երեսը, դեմքի խոշոր գծերը, աչքերի սուր արտահայտությունը, խիտ հոնքերը և մանավանդ թանձր ու ալեխառն ընչացքը, որի ծայրերին միացած էին միրուքից մի-մի մաս և քունքերից քաշ ընկած բակերը — նիկողայոսյան զինվորականի տպավորություն էին գործում։ Նա հագած էր ռուս քաղաքացիական աստիճանավորի հնամաշ ու գունատ մունդիր ու կրծքի վրա քաշ արած մի կարմրագույն խաչաձև շքանշան:

— Սրաֆիոն Գասպարիչը,— ասացին այս ու այն կողմից և անմիջապես շրջապատեցին ծերունուն, որ դարձավ մի տեսակ թիկնապահներով պաշտպանված գոռոզ հրամանատար։

— Փո՛ւչ աշխարհ, փո՛ւչ աշխարհ, — արտասանեց աստիճանավորը, աչքերը շրջապատողների վրայով ուղղելով դեպի դիմացի պատն ու կրծքի շքանշանն ուղղելով մարդը հոգին չի կարողանում աստծուն տալ որդուն չտեսած․․․

Բոլորը միաձայն զարմացած հարցրին։— Մի՞թե մահամերձ աղայի բոլոր զավակները այս խորհրդավոր պահին նրա մահճակալի քով չեն։