Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/97

Այս էջը հաստատված է

ազդեցությունից, այլ միջավայրի անծանոթությունից։ Նա տեսնում էր, բայց պարզ չգիտեր, ինչ է կատարվում իր շուրջը, նայում էր մերթ մեկի, մերթ մյուսի երեսին։ Եվ բոլոր դեմքերն արտահայտում էին ինչ-որ արտաքո կարգի բան և, կանխավ, արդեն նրանց հոգնած արյունը նորեն հուզվում էր, նորեն բորբոքվում։ Գիտեին, որ երբ Քյազիմ-բեգը ոգևորվում է, այլևս նրա ֆանտազիան սահման չունի։

Պապաշան բեղերը սրում էր ու երիտասարդանում։ Այդ հիսուն ու հինգ տարեկան առողջ գյուղական արյունը հին գինու ուժ ուներ. չէր փրփրում, այլ բոցավառվում էր։

Դռների մեջ լսվեց դղրդոց: Լզգի սպասավոըները տնքալով ու հևալով, ներս էին մղում մի մեծ մարմարյա լողարան։ Հետո բերեցին մի քանի դյուժին շշեր շամպանիա. սազանդարների ճարպոտ դեմքերը փայլեցին հաճույքից։ Ամենից շատ նրանք էին ճանաչում Քյազիմ-բեգի քմահաճույքները։

Լողարանը մղեցին սենյակի կենտրոնը։

— Քյաբուլի՛,— դարձավ Քյազիմ-բեգը սազանդարներին, մտավ լողարանի մեջ, դաշույնը մերկացրեց և սկսեց պարել։

Նա պտտում էր, թեքվում, բարձրանում, թռչում վեր, դաշույնի ծայրը դնում էր աչքի տակ, անց էր կացնում ծնկների տակով այնպես ճարպիկ ու արագ, որ բոլորը հիացել էին։ Քառորդ ժամ պարելուց հետո, նա դուրս ցատկեց լողարանից, դաշույնը դրեց պատյանի մեջ, մոտեցավ խորային երգչուհուն և իր հուժկու գրկի մեջ առավ նրան։

Արդեն լույսն սկսել էր բացվել, բայց լամպաները դեռ վառ էին։ Պապաշան իջեցրեց լուսամուտների վարագույրները և սպասավորներին հրամայեց հեռանալ։ Նրա առաքինության ու պարկեշտության զգացումը վիրավորվում էր այդ ծառաների ներկայությունից։

Այժմ միայն Սմբատը հասկացավ, թե ինչ տեսարանի վկա պիտի լինի։ Կամեցավ թողնել ու հեռանալ։ Բայց անծանոթ ուժն անհաղթելի զորությամբ դարձյալ կաշկանդեց նրա կամքը։