— Դու ո՞վ ես,— արտասանեց կրքամոլը, որի կրակոտ աչքերը պսպղում էին։
— Ես Գրիշան եմ։
— Գնա՛, կորիր...
— Խնդրում եմ։
— Թո՛ղ ինձ...
Այժմ այլևս բոլորի ուշադրությունը Գրիշայի վրա էր։ Միակ մարդն էր, որից Քյազիմ-բեգը քիչ թե շատ վախենում էր, և նկատելի էր, որ Գրիշան արդեն կորցնում է իր սառնասրտությունը։
— Ես խնդրում եմ քեզ, Ադիլբեկով,— դարձյալ նա փորձեց համոզել թուրքին։
— Ադա՛, կապի՛ր, ռեխդ,— գոռաց Քյազիմ-բեգը,— ուզում եմ անել, պիտի անեմ։
Գրիշան ուժեղ ձեռով հրեց նրան և, կանգնելով նրա ու երգչուհու մեջտեղը, կատաղի աչքերը հառեց թուրքի երեսին և ատամների միջից արձակեց.
— Դու մոռացա՞ր, որ ես Գրիշան եմ։
Եվ ձեռը տանելով ծոցի գրպանը, դուրս բերեց մի փոքրիկ ռևոլվեր։
Քյազիմ-բեգը սթափվեց ոչ երկյուղից, այլ ամոթից, մի՞թե տանտիրոջը վայել է կռվել հյուրերի հետ` մի ինչ-որ քածի պատճառով։
— Լա՜վ, ես կատակ էի անում,— ասաց նա և դառնալով` սպասավորներին, հրամայեց.— կորցրե՛ք լողարանն այստեղից։
Կինը, ազատվելով Քյազիմ-բեգի երկաթե բազուկներից, կիսամերկ, հոգնած, շնչասպառ ընկղմվեց թախտի վրա։
Տեսարանը խափանվեց, բայց ոչ ոք չհամարձակվեց դժկամություն հայտնել։
Քյազիմ-բեգը երգչուհուն թույլ տվեց գնալ, սեղմելով նրա ձեռի մեջ երկու հատ հարյուրանոց և հրամայելով ծառաներին կես դյուժին շամպանիա դնել նրա կառքի մեջ։
— Տանն ինքդ վաննա կընդունես,— ասաց նա։
Երգչուհին ծիծաղեց, մոռանալով ամեն ինչ։ Նա մինչև