Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/100

Այս էջը հաստատված է

Արտեմ Կարլիչը։ «Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում. ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում»,— այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին։

Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը։ Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը։

— Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի,— միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին։

Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց: Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ: Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց։

— Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ, այսօր շատ եք նեղացել,— առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով։

— Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ։ Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի. իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան։

— Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՞նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում։ Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ դավաբիտ արա բեր։

— Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով։

Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց։

— Ցտեսություն, Կատերինա Կարլովնա,— ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին։

— Գնաք բարով,— սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների ծայրերը տալով նրան։