Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/104

Այս էջը հաստատված է

այնպես վեր թռար տեղիցդ,— պատասխանեց Մարիա Իվանովնանա ծիծաղելով։

Ընթրիքի Ժամանակ նորեկները մանրամասը պատմեցին Կարլ Մարկիչին իրանց կյանքի մասին նրա բացակայության ժամանակ ու ստիպեցին նույնն անել և՛ Մարկիչին։ Կարլ Մարկիչը, կարծես, հենց մի այդպիսի հարմար առիթ էր որոնում։ Նա, մի քանի բաժակ գինով գլուխը տաքացնելով, սկսեց երկար ու բարակ պատմել յուր մի տարվա կյանքը։ Նա նկարագրեց գործարանը, նավթահանքերը, ծանոթացրեց նրանց նավթային արդյունաբերության հետ։ Պատմեց, թե ինչպիսի գանձ է թաքուն, թե ինչպես հեշտ են հարստանում այնտեղ մարդիկ և ինչպես շուտ, թե ինչպես է Պետր Ստեփանիչը հարստացել, առաջ ուրիշի մոտ գործակատար լինելով: Կրկին սկսեց գովաբանել վերջինին, ավելացնելով, թե հույս կա, որ ինքը, Կարլ Մարկիչը, նրա օգնությամբ, մի օր գործարանատեր դառնա և օրինակ բերեց շատերին, որոնք մի քանի տարվա ընթացքում, ոչինչ չունենալով, հարստացել են։ Ասաց նույնպես, որ Պետր Ստեփանիչին ինքը մի քանի անգամ այս մասին ակնարկել է։ Պետր Ստեփանիչը հույս է տվել ժամանակով անկախ գործարանատեր դարձնել նրան, եթե միայն լավ կծառայի։ Այժմ Կարլ Մարկիչն ինքն աշխատում է լավ ծառայել Պետր Ստեփանիչին, որպեսզի օրեցօր ավելի գրավի նրա սերն ու հովանավորությունը։ Այնուհետև Կարլ Մարկիչը, ավելի ու ավելի տաքացնելով գլուխն և հափշտակվելով յուր պատմությունով, սկսեց նկարագրել յուր մոտիկ ապագան խիստ գեղեցիկ գույներով։ Ասաց, որ շատ ժամանակ չի քաշիլ և ինքը կրկին կդառնա առաջվա «պերվոյ գիլդի կուպեց Պոպովը» և գուցե մի քիչ էլ ավելի։ Այն ժամանակ թող մտիկ անեն «Հաշխանի» թշնամիներն ու նախանձից սիրտները տրաքի։ Վերջապես, Կարլ Մարկիչն ասաց, թե այսուհետև ինքը նյութապես ապահովված է և ոչինչ հոգս չունի։ Հարկավոր է միայն մտածել առողջության մասին, ուրիշ ոչինչ: Նա սկսեց խրատել յուր ընտանիքին, որ պահպանեն իրանց առողջությունը։ Խոսելով Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, նա կողմնակի կերպով ակնարկեց, թե Բաքվում կարելի է լավ փեսացու ճարել նրա համար, որովհետև ազափ տղերք շատ