Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/106

Այս էջը հաստատված է

VI

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, Պետր Ստեփանիչը կրկին ներկայացավ Կարլ Մարկիչի ընտանիքին, այս անգամ ուրիշ և ավելի շքեղ հագուստով։ Մարիա Իվանովնան խոհանոցում կերակուր էր պատրաստում ճաշի համար։ Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում։

Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի։

— Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա,— ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա։

Բայց օրիորդը չլսեց նրան։ Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած։ Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան։

— Երեկ, երբ Կատերինա Կարլովնան իրեղենները դարսում էր, ես նկատեցի, որ նրա ճերմակեղենի կամոդը շատ հնացած է և անպետք։ Չնեղանաք, Մարիա Իվանովնա, ես առանց ձեր թույլտվության, մի լավ կամոդ եմ առել նրա համար, որն այս րոպեիս գործակատարս կբերի։

— Իզուր եք առել, ես շնորհակալ եմ, իմ կամոդը շատ լավն է,— պատասխանեց Կատերինա Կարլովնան, մի նշանավոր հայացք ձգելով յուր մոր երեսին, որ սա ևս հրաժարվի նվերն ընդունելուց։ Մարիա Իվանովնան հասկացավ աղջկա միտքը, բայց և այնպես կամոդը խիստ հետաքրքրեց նրան։

— Ցավդ առնեմ, մեզ համար ինչու ավելորդ խարջեր եք անում, որ առաջուց ինձ ասեիք ես չէի թողնի,— ասաց նա, սիրալիր նայելով Պետր Ստեփանիչի երեսին՝, որ տեսնի ինչպես հասկացավ նա յուր անորոշ խոսքերը։

— Մեծ գումար չեմ տվել, հարյուր մանեթն ինչ բան է, որ նրա համար մտածեմ,— պատասխանեց Պետր Ստեփանիչը, ժպտալով Կատերինա Կարլովնայի երեսին։