Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/110

Այս էջը հաստատված է

չեն կարողացել սովորել։ Ամիսներով, տարիներով մայրաքաղաքներում ապրել են, բայց բացի իրանց ապրած հյուրանոցից և մի քանի փողոցներից, ոչինչ չեն տեսել։ Ռուսաստանում այդ մարդիկ ո՛չ թատրոն են գնում, ո՛չ օպերա, ո՛չ կլուբներ։ Իսկ եթե գնում էլ են, ոչինչ չեն կարողանում սովորել, թատրոնում կամ օպերայում ամենավերջին աթոռներն են վարձում, որ էժան նստի։ Շատերը գնում են, ներկայացումը չվերջացած, կիսատ են թողնում ու դուրս գալիս, որովհետև ճաշակ ասված բանը չունին։ Նրանց համար զուռնա-բալաբանի ձայնը քաղցր է, քան թե Պատտիի երգելը։ Մոսկվայում ինձ վրա զարմանում էին, որ ես ամեն անգամ քսանուհինգ ռուբլի էի տալիս Պատտիին կամ Նիլսոնին լսելու կամ Սալվինիի խաղը տեսնելու, բայց ես սրտանց ծիծաղում էի նրանց անհասկացողության վրա։ Ինձ համար փողը մի միջոց է շքեղ ապրելու համար, իսկ նրանց համար նպատակ։ Ես ատում եմ նրանց, ատում եմ, որովհետև նրանք բոլորը թեև երիտասարդներ են, բայց հին հոգով և մաշված սրտով։ Ահա ինչու համար, ես, Կատերինա Կարլովնա, չեմ ընկերանում նրանց հետ։ Ա՛խ, եթե գիտենայիք, թե որքան ինձ համար դժվար է նրանց հետ խոսելն անգամ։ Ես մենա՛կ եմ, Կատերինա Կարլովնա, մենակ եմ, և ինձ համար շատ ու շատ դժվար է անցկենում այստեղ։

Պետր Ստեփանիչն ատենաբանում էր ոգևորված և զանազան թատրոնական շարժվածքներ անելով։

— Գնացեք, ուրիշ քաղաքում ապրեցեք,— ասաց Կատերինա Կարլովնան, երբ Պետր Սեփանիչը դադարեց խոսելուց։

— Չեմ կարող, Կատերինա Կարլովնա, գործերս այստեղ են, թողնել անհնարին է։ Բայց ես, Կատերինա Կարլովնա, բախտավոր կլինիմ, եթե... եթե... է՛հ․․․

Այստեղ Պետր Ստեփանիչի լեզուն շփոթվեց, և նա, չկարողանալով վերջացնել յուր խոսքը, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։ Կատերինա Կարլովնան հոնքերի տակից նրա վրա նայեց և, գլուխը խոնարհեցնելով, քիչ կարմրեց։ Այդ ժամանակ դուռը բացվեց, Մարիա Իվանովնայի գլուխը