Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/111

Այս էջը հաստատված է

երևաց և նույն վայրկյանին կրկին անհետացավ։ Այդ նկատեց միայն Պետր Ստեփանիչը։

— Շատերը կարծում են, որ մարդ փողով է բախտավոր,— շարունակեց Պետր Ստեփանիչը Մարիա Իվանովնայի գլուխն անհետանալուց մի քանի րոպե անցած։ Ես այդ չեմ հասկանում։ Ահա, ես հարուստ, փառք աստծո, էլ ինչս է պակաս, մի միլիոնի չափ կարողություն ունիմ։ (Պետր Ստեփանիչի կարողությունը երկու հարյուր հազարից ավելի չէր լինի)։ Տուն, տեղ, ոսկի-արծաթ, ծառաներ, կառքեր ամեն բան ունիմ, ինքս էլ մեն-մենակ, ո՛չ ծնողներ ունիմ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ էլ պարտք, մի խոսքով, ես իմ գլխի ու կարողության կատարյալ տերն եմ։ Բայց մի թող գան սրտիցս հարցնեն, թե նա ինչ է ասում, մտնեն դրությունս և տեսնեն, թե այսքան հարստության մեջ ինչպես եմ ես զգում ինձ... Տխուր, տխուր, մահու չափ տխուր․․․

Եվ Պետր Ստեփանիչը կրկին կրծքից արձակեց մի սուտ հառաչանք և կրկին նայեց օրիորդի երեսին։

— Պսակվեցե՛ք, գուցե այն ժամանակ ուրախ կլինեք,— ասաց Կատերինա Կարլովնան, փորձելով ավելի պարզ հասկանալ նրա միտքը։

— Պսակվե՛լ, բայց ո՛ւր է իմ սիրած աղջիկը,— պատասխանեց Պետր Ստեփանիչը, մեկ էլ հառաչելով։

— Ինչո՞ւ, ասում են, որ Բաքվում շատերը կան։

Պետր Ստեփանիչը ոգևորվեց, նրա դեմքն աայլայլվեց, աչքերը կարմրեցին, և նա հանկարծ արագությամբ բարձրացավ աթոռից։

— Չկա, չկա, Կատերինա Կարլովնա, չկա, բացի ձեզանից, թույլ տվեք․․․

Եվ նա, հարձակվելով օրիորդի վրա, կամեցավ համբուրել։ Օրիորդը սարսափած վեր թռավ տեղից, հրելով Պետր Ստեփանիչի կրծքին։

— Ի՞նչ եք անում, հեռո՛ւ կանգնեցեք,— ասաց նա սրփրթնելով։

— Ես ձեզ սիրում եմ․․․

— Սուտ եք ասում։

— Երդվում եմ աստուծով, Կատերինա Կարլովնա, հավատացեք