Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/113

Այս էջը հաստատված է

նրան հաճոյահնալու համար — անհնարին է նկարագրել։ Եվ ինչպես կարող էր ուրիշ կերպ վարվել Մարիա Իվանովնան, քանի որ նա տեսնում էր, թե որքան ուշադիր է Դոլմազովի նման մի նշանավոր հարուստ դեպի յուր մի չնչին գործակատարի չնչին ընտանիքը և ինչպես նա հոգում է այդ ընտանիքի բախաավորության համար։ Բայց մի առանձին ուրախություն էր զգում Մարիա Իվանովնան յուր աղջկա վերաբերմամբ, նկատելով այն ուշադրությունը, որին արժանացել էր Կատերինա Կարլովնան Դոլմազովի կողմից։ Շատ անգամ նա, լուռ ու մունջ, ձեռները ծոցում ծալած, քաշվում էր սենյակի մի անկյունը, մտիկ անում յուր աղջկան և Պետր Ստեփանիչին, որոնք իրարու դեմ նստած խոսում էին, մտիկ էր անում և խորասուզվում մտածողության մեջ։ Այդպիսի րոպեներում նրա ծնողական զգայուն սիրտը սկսում էր բաբախել յուր սիրեցյալ զավակի բախտավորությամբ։

Մարիա Իվանովնայի առաջ պատկերանում էին փառավոր կառքեր, բազմաթիվ ծառաներ, զարդարուն սենյակներ մի բարձրաշեն շքեղ տան մեջ։ Տունը Դոլմազովինն է, իսկ նրա մեջ իշխում է յուր աղջիկը։ Կատերինա Կարլովնան ամբողջ օրը պտտում է զարդարուն սենյակների մեջ, կարգագրություններ է անում, հյուրեր է ընդունում և ճանապարհ դնում։ Իսկ երեկոները Պետր Ստեփանիչի հետ նստում է կառք և գնում ծովափը զբոսնելու։ Զբոսանքից վերադառնում է տուն, թեյ խմում, հագուստը փոխում, ավելի շքեղը հագնում և Պետր Ստեփանիչի հետ թև-թևի տված գնում թատրոն, պարահանդես և այլն։ Նրանց հետ գնում է նույնպես և՛ Արտեմը։ Իսկ ինքը, Մարիա Իվանովնան, Կարլ Մարկիչի հետ մնում են տանը, խոսում են, զվարճանում են, սպասելով երիտասարդ ամուսինների վերադառնալուն, որ միասին ընթրեն։

Եվ այսպես, ուրեմն, Մարիա Իվանովնան երևակայում էր ոչ միայն Կատերինա Կարլովնայի, այլև ամբողջ ընտանիքի մոտիկ ապագան բախտավորված, եթե միայն Դոլմազովի սիրտն այնքան բարի է, որ նա ուշադրություն չի դարձնիլ նրանց աղքատության վրա, եթե նա աչքի առջև կունենա Կատյայի անձնավորությունը, նրա գեղեցկությունը, շնորհքը, բնավորությունն և եթե Կատյան նույնպես, լավ կշռադատելով