Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/114

Այս էջը հաստատված է

յուր ապագան, կաշխատեր այդ հատկություններն ավելի գեղեցիկ, ավելի հրապուրիչ գույներով ներկայացնել Դոլմազովին, որպեսզի անդառնալի կերպով գրավի նրա սիրտը։ Բայց ավա՜ղ, Կատյան այդ չէր հասկանում, որովհետև, Մարիա Իվանովնայի կարծիքով, նա հիմար էր և փոխանակ Դոլմազովին գրավելու, աշխատում էր, կարծես, զզվեցնել նրան։ Նա առաջվա պես սառն և երբեմն կոպիտ էր վարվում Դոլմազովի հետ։ Մարիա Իվանովնան այդ տեսնում էր և մինչև յուր հոգու խորքը վրդովվում, բայց չէր կարողանում Դոլմազովի ներկայությամբ արտահայտել յուր վրդովմունքը Կատյային։ Նա, զսպելով յուր բարկությունը, սպասում էր Դոլմազովի հրաժարվելուն։ Երբ խնամատարը ոտը դռներից դուրս էր դնում, մայրը սկսում էր թափել աղջկա գլխին անթիվ նախատինքներ և երբեմն հիշոցներ։

— Հազար անգամ ասել եմ, որ գիժ ես, խելք չունիս. դու ո՛չ քեզ և ո՛չ մեզ համար չես մտածում։ Աղքատ ու հպարտ, աչքերդ բաց արա և լավ տես, թե դու ինքդ ո՛վ ես, ի՞նչ ես, իսկ Դոլմազովն ո՛վ է։ Գիտես, որ մեր ապրուստը նրանից է կախված, ինչպես ուզենա, այնպես էլ կարող է անել, կարող է մեզ հարստացնել, կարող էլ է քաղցած թողնել, բայց դու էլի գոռոզ ու գոռոզ։ Ի՛նչ ես մտածում, որ քինթդ այդքան բարձր ես պահում։ Խելքի եկ, Կատյա, տե՛ս, մեկ էլ եմ ասում, մեր օրը քեզանից է կախված...

Եվ այսպես, Մարիա Իվանովնան երկար նախատում էր յուր աղջկան։ Սակայն աղջիկը շարունակում էր յուր «հիմարությունր»։ Մի օր նրա հանդգնությունն այնտեղը հասավ, որ նա պատասխանեց յուր ծնողի հանդիմանությանը, թե ինքը դիտմամբ է սառն վարվում Դոլմազովի հետ, որպեսզի վերջինը դադարի իրանց այցելելուց։ Մարիա Իվանովնան փրփրեց, կատաղեց յուր աղջկա այդ հանդգնության վրա, բայց․․․ դարձյալ անօգուտ։

Գալով Դոլմազովին, պետք է ասած, որ նա սկսել էր մեծ զգուշությունով վարվել Կատերինա Կարլովնայի հետ, նույնիսկ Մարիա Իվանովնայի բացակայության ժամանակ։ Նա պահում էր իրան համեստ, չէր համարձակվում որևէ ավելորդ խոսք թռցնել բերանից։ Նա այնպես էր իրան ձևացնում օրիորդի