Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/115

Այս էջը հաստատված է

առջև, որ իբր թե սաստիկ փոշմանել է յուր նախկին վարմունքի մասին։ Սակայն Կատերինա Կարլովնան որքան զգույշ էր, այնքան դիտող, դարձյալ չէր կարողանում հասկանալ այդ խորամանկությունն և լիովին թափանցել Դոլմազովի հոգին։

Հասավ կոնցերտի երեկոն։ Պետր Ստեփանիչը ժամանակից մի ժամ առաջ զուգվեց և, յուր սեփական կառքը նստելով, եկավ Կատերինա Կարլովնայի մոտ։ Օրիորդը դեռ հագնված չէր։ Նա մոռացել էր յուր խոստումը, փորձեց հրաժարվել։ Մարիա Իվանովնան ուղղակի կատաղեց։ Ի՞նչպես կարող է հրաժարվել Դոլմազովի պես մարդու հետ մի որևէ հանդես գնալուց։ Դոլմազովն, օրիորդի կասկածը փարատելու համար, ասաց.

— Մարիա Իվանովնա դուք էլ հագնվեցեք մեզ հետ գնալու։

Մարիա Իվանովնան հոգով ուրախ էր նրանց ուղեկցելու, քիչ մնաց համաձայնվեր անգամ, բայց հիշեց, որ օրինավոր հագուստ չունի։

— Ուրիշ անգամ,— ասաց նա,— ուրիշ անգամ։— Կատյա, գնա, պատրաստվիր։

Ապագայում օրիորդը շատ անգամ իրեն հարցնում էր, ինչպես եղավ, որ նա մոլորվեց և կամքի ուժ չունեցավ տանը մնալու։ Նա անցավ մոր հետ յուր սենյակը։

Դոլմազովը մնաց մենակ, կանգնեց հայելու առջև և սկսեց դիտել իրան ոտից մինչև գլուխ։

— Թո՛ւ, իսկ որ շատ եմ տգեղացել... ի՜նչ անճոռնի է լինում մարդ առանց հոնքերի և թերթերունքների,— խոսում էո նա, ուղղելով յուր սպիտակ փողկապը։ Փարիզից բերել տված ճարն էլ չի օգնում մազեր բուսնելուն... Ասում են, որ Վիեննայում կարող են բժշկել, հարկավոր է անպատճառ գնալ, եթե ոչ խայտառակություն է, կանայք ինձանից փախչում են։

— էհե՛, այ մի ուրիշ ցավ, այս ի՞նչ է դուրս գալիս քնթիս վրա,— շարունակեց նա, շոշափելով քթի ծայրն, ուր գոյացել էր մի կարմիր բշտիկ։— Ցավում է, այդ լավ նշան չէ, հարկավոր է անպատճառ բժշկին ցույց տալ․․․

Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Դոլմազովը շտապեց հեռանալ հայելուց։