Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/117

Այս էջը հաստատված է

սպասեցեք, մի բաժակ էլ կոնծեմ և գնամ ես էլ ծանոթանամ։

Սիմոն Լազրիչը դատարկեց մի բաժակ ևս։

— Իզուր նեղություն մի՛ քաշիր, Սիմոն Լազրիչ, Դոլմազովը քո ասած մարդը չէ, ռեխդ թիքա չի գցիլ։ Ես աղջկան էլ ճանաչում եմ և գիտեմ ինչ բան է։

— Ո՞վ է, ո՞վ է, Սերգեյ Իվանիչ,— կրկնեց դարձյալ միաբերան հետաքրքիր խումբը, շրջապատելով Սերգեյ Իվանիչին։

— Յուր գործակատարի աղջիկն է։

— Հաշտրախանցի՞ն, հա՛, ես էլ եմ տեսել, ես էլ եմ տեսել, շատ գեղեցիկ է,— ասացին միմյանց հետևից մի քանիսը։

— Գեղեցիկ լինելը գեղեցիկ է, բայց ինչ անես, որ․․․

Եվ Սերգեյ Իվանիչը, խոսքը չավարտելով, կրծքից մի հոգոց հանեց և գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։

— Ինչպե՞ս։

— Այնպես,— պատասխանեց Սերգեյ Իվանիչը, աչքի մեկը խփելով և շրթունքները կրծելով։— Տուն, տեղ, ամեն օր նվերներ, հորն և եղբորը պաշտոն լավ ռոճիկներով։

— Փա՛հ, քո վիզը կոտրվի Դոլմազով, օտարներից կշտացար, հիմա էլ հային ես ձեռք գցե՞լ,— բացականչեց Սիմոն Լազրիչր, ձեռների ափերը իրարու խփելով։

— Չեմ հավատում, ես Պոպովի աղջկան ճանաչում եմ, նա շատ հպարտ և խելոք աղջիկ է։ Դոլմազովը չի կարող նրա հետ խաղալ,— մեջ մտավ մի ուրիշը, որը մինչև այդ ժամանակ լուռ էր։

— Էհե՛, երևի, դու լավ չես ճանաչում Դոլմազովին,— պատասխանեց թերահավատին Սերգեյ Իվանիչը, գլուխը շարժելով։— Նա այնպիսի մարդ չէ, որ մեկի համար անօգուտ մի կոպեկ ծախսի, ուր մնաց այնքան բաներ բաշխի, ինչ որ բաշխում է Գասպարի աղջկան։ Տունը լեցրել է հազար տեսակ բաներով, էլի օր չի անցնում, որ մի նվեր չտանի հյուր գնալիս։

— Չէ, եղբայր, ես լավ եմ ճանաչում Դոլմազովին, գիտեմ ինչ հոգի ունի․․․