Զանգակը հնչեցրին, ներկայացումը սկսվեց, ամենքը մտան դահլիճ։
Պետր Ստեփանիչն և Կատերինա Կարլովնան նստած էին երկրորդ կարգում։ Օրիորդը հագնված էր թեև ոչ շքեղ, բայց բավական նուրբ ճաշակով։ Բազմաթիվ լապտերների լուսավորության ներքո նրա կրծքի վրա պսպղում էր ոսկյա մեդալիոնի ադամանդը։
Դահլիճը լիքն էր հանդիսականներով։ Այս ու այն կողմերից մի քանի երիտասարդներ և կանայք, ներկայացումը մոռացած, իրանց հեռադիտակներն ուղղել էին անծանոթ օրիորդի վրա։ Պետր Ստեփանիչն այս տեսնում էր և ինքնաբավականությամբ ժպտում։ Նա պարծենում էր, որ ինքն այդ երեկո շատ երիտասարդների նախանձի առարկա է։ Նա ստեպ-ստեպ թեքվում էր Կատերինայի ականջին և շշնջալով խոսում։ Օրիորդը չէր խոսում. նա ուշադրությամբ լսում էր երաժշտությունը. միայն երբեմն Պետր Ստեփանիչի հարցերին պատասխանում էր գլխի շարժումով «այո» կամ «ոչ» և ուրիշ ոչինչ։
Վերջապես կոնցերտն ավարտվեց, հանդիսականները ցրվեցին, և օրիորդը դուրս եկավ։ Դոլմազովը հետևում էր նրան, յուր գլխարկը ձեռում շուռ տալով և չորս կողմ անդադար հաղթական հայացքներ ձգելով։ Նրա ժղժղված դեմքն ուրախ էր ու փոքրիկ աչքերի սևագույն բիբերն արագությամբ խաղում էին, փայլելով։ Կառքը փողոցի դռանը սպասում էր։ Նա, օրիորդի հետ նստելով, շշնջաց կառապանի ականջին, և կառքը մի րոպեում սլացավ։
— Տա՛ր, տա՛ր, բայց տեսնենք երբ ես փխսելու կերածդ,— ասաց կառքի հետնից մի մարդ, որն ամբողջ ժամանակ, կլուբի դռների հետևում թաքնված, սուր աչքերով հետևում էր մեր հերոսին։
Դա Սերգեյ Իվանիչն էր։
VIII
Գիշերից բավականին անցել էր։ Երկինքը պարզել էր։ Լուսինը չկար։ Նավթային լապտերները թույլ կերպով լուսավորում էին փողոցները։