Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/126

Այս էջը հաստատված է

Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին։

Կատարյալ, կատարյալ խայտառակություն։ Երեկ նա դարձյալ այնտեղ էր. ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր։ Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից։ Ինչո՞ւ. հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց ինչո՛ւ… ։ Այսօր թե վաղը կպարզվեն բաները, և այն ժամանակ նա փչացավ, կենդանի թաղվեց։ Իսկ Մարիա Իվանովնա՞ն… հը՛մ… միամիտ կին։ Նա դեռ ոչինչ տեղեկություն չունի, կարծում է, որ յուր աղջիկը մրսել է, հիվանդ է և ուրիշ ոչինչ։ Ցանցառ պառավը դեռ ուրախ է, դեռ հավատացած է, թե պիտի գա մի երջանիկ օր, երբ Դոլմազովը նրա աղջկա հետ թև-թևի տված կկանգնի եկեղեցու սեղանի առջև։ Հը՛մ, այդ էր պակասում Դոլմազովին — լինել մի չնչին, անհայտ գործակատարի փեսա։ Ի՞նչ կասեն տեսնողները։ Չէ, այդ ցնորք է, Մարիա Իվանովնա։ Դեռ փառք աստուծո, Դոլմազովը մինչև այն աստիճան չի հիմարացել, թեթևամիտ հաշտարխանցի մամա։

Երեկ ինքն օրիորդն ևս առաջին անգամ ակնարկություն արավ, արտասուքն աչքերին։ Ողորմելի, միամիտ արարած, ասում է, որ թեև նրան չի սիրում, բայց ստիպված է՝ կեղտը ծածկելու համար։ Ծիծաղելի խոսք, չի սիրում, Պետր Ստեփանիչ Դոլմազովին, և ո՞վ, ո՞վ... Կարլ Մարկիչ Պոպովի աղջիկը...

Այսպես թե այնպես, Դոլմազովի անունը կարող է քաղաքի բերանում մի մատ մեղր դառնալ, արդեն բամբասանքները սկսել են։ Սերգեյ Իվանիչն, այդ անպիտանը, որ նրան հազար տեսակ կեղծավորություններ է անում, բարեկամ և ձևացնում իրան, հենց նա ինքն է ամենից առաջ սկսել լուրեր տարածել նախանձելուց։ Ասենք թե այդ ոչինչ։ Պետր Ստեփանիչը բամբասանքներից շատ էլ վախեցողը չի, բայց կա մի ուրիշ բան, որ ավելի նշանավոր է։ Եթե այժմյանից այդ գործի առաջը չառնի, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կպարզվի, և բանը կհասնի մինչև դատաստան։ Այն ժամանակ կամա-ակամա ստիպված կլինի կապել յուր կյանքը Կալլ Մարկիչի աղջկա հետ։ Կարլ Մարկիչը, օօ՛օ, Կարլ Մարկիչը պրաշենիեն ծոցում