Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/131

Այս էջը հաստատված է

— Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ պոպովին,— հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը:

Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին:

— Նրա աղջկան, Կատերինա Կարլովնայի՞ն էլ ես ճանաչում։

— Ճանաչում եմ:

— Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ:

Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Սաեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն տվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց:

— Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան։

— Տեսել եմ։

— Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես:

Սմբատը չպատասխանեց։

— Լավն է, չէ՞:

— Շա՛տ լավն է։

— Օհո՜ ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ,— ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով։

Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին թեքեց կրծքին:

— Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր,— շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով։

— Ի՞նչ եք հրամայում։

— Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես՝ հրամայում ,— ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով։ Հեռագրիր, որ ձեր ընաանիքը շուտով ճանապարհվի այստեղ: Ես երկու շաբաթից հետո գնալու եմ Նիժնի-Նովգորոդ, յարմարկա, և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել։ Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո թախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին։

Սմբատը բոլորովին զարմացավ։ Նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն։