Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/134

Այս էջը հաստատված է

էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդն իսկույն շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին։

Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային։ Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին: Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց, թե Կատյայի համար մի լավ փեսացու է գտել — Մարիա Իվանովնան նախ կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին։ Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից: Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության: Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից, ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք:

Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան: Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը։

Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին: Նկարագրրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով։ Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընտելացնի նրա հետ: Սակայն Մարիա Իվանովնան մնաց անտարբեր։ Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա։ Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու։ Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի